AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Համագործակցության հուշագիր՝ գիտության և տեխնոլոգիական ոլորտում համագործակցության խորացման նպատակով

13/03/2023

Մարտի 9-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի («ՀՄԿ» ՊՈԱԿ) և ՀՀ ԳԱԱ «Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ» ՊՈԱԿ-ի (ԻԱՊԻ) միջև կնքվեց Համագործակցության հուշագիր՝ գիտության և տեխնոլոգիական ոլորտում համագործակցության խորացման նպատակով։
Կողմերը պայմանավորվեցին միավորել իրենց ջանքերը բնապահպանության ոլորտում համատեղ հետաքրքրություն ներկայացնող գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելու գործում:
Համագործակցության հուշագրով ամրագրվեց կողմերի համագործակցությունը հետևյալ ուղղություններով՝
Կողմերը համատեղ կմասնակցեն ներպետական և միջազգային դրամաշնորհային ֆինանսական կազմակերպությունների կողմից առաջարկված մրցույթների՝ բնապահպանական և կլիմայի փոփոխության, շրջակա միջավայրի աղտոտվածության կանխարգելման ոլորտներին առնչվող գիտատեխնիկական կարևորություն և արդիականություն ներկայացնող գիտակիրառական հետազոտական նախագծերով։
Համատեղ կիրականացնեն Հայաստանի տարածքի համար շրջակա միջավայրի վիճակի մոդելային հետազոտություններ՝ օգտագործելով ԻԱՊԻ-ի առկա բարձր արտադրողականությամբ հաշվողական և տվյալների պահպանման ենթակառուցվածքները և «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի համապատասխան տվյալների հավաքածուներն ու մեթոդները։

Համատեղ կիրականացնեն եղանակի կանխատեսման բարձր լուծաչափի (1-3 կմ) թվային մոդելի օպերատիվ հաշվարկներ՝ կիրառելով ԻԱՊԻ-ի տրամդրության տակ գտնվող սուպերկոմպյուտերի հաշվողական ռեսուրսները։
Կիրականացնեն գիտահետազոտական համատեղ ուսումնասիրություններ՝ Հայաստանում երաշտի գնահատման և կանխատեսման վերաբերյալ։
Մթնոլորտ արտանետումների կառավարման, մթնոլորտային օդի աղտոտվածության մոնիթորինգի, գնահատման, եղանակի կանխատեսման, կլիմայի փոփոխության բնագավառներում գիտահետազոտական աշխատանքների իրականացումը։
ԻԱՊԻ-ի մասնագետների կողմից «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հաշվողական հմտությունների հզորացման և օդերևութաբանական տվյալների վերլուծության արդյունավետության բարձրացման նպատակով կկազմակերպվեն ծրագրավորման դասընթացներ։
Ամենօրյա արբանյակային և կանխատեսումնային մեծ ծավալի տվյալների ներբեռնման նպատակով «ՀՄԿ» ՊՈԱԿ-ին ինտերնետային արագ կապի տրամադրում՝ ԻԱՊԻ-ի հաղորդակցության միջոցներով։