AM RU EN

Կլիմայական վերլուծություն

 

2022 թվականը դասվեց տաք տարիների շարքում, այն հինգերորդ տաք տարին էր 2010, 2018, 2021 և 1966 թվականներից հետո, սկսած 1935 թվականից։ Տարեկան ջերմաստիճանի շեղումը նորմայից (5.5 °C) կազմել է 1.7 °C։ 
2022 թվականը նաև շատ չորային էր, այն չորրորդն էր 1961, 2000 և 2008 թվականներից հետո, սկսած 1935 թվականից` տարեկան գումարային տեղումների քանակը՝ 445 մմ, կազմել է նորմայի (592 մմ) 75 %-ը։ 

Սեզոնային վերլուծություն 

2021/2022 թվականների ձմեռը եղել է տաք և չորային․ ձմռան միջին սեզոնային ջերմաստիճանը կազմել է -3.2 °C և բարձր է եղել նորմայից (-5.5 °C) 2.3 աստիճանով: Տեղումները՝ 72 մմ, եղել են նորմայից ցածր՝ կազմելով նորմայի (114 մմ) 63 %։
2021/2022 ձմռանը հատկապես տաք էր փետրվար ամիսը․ միջին ամսական ջերմաստիճանը 1961-1990թթ. նորմայից բարձր էր 4․1 °C-ով։ Իսկ տեղումները փետրվարին կազմել են նորմայի ընդամենը 36 %։ Այսպիսով, փետրվարը հանդիսացավ չորրորդ ամենաչոր և վեցերորդ ամենատաք ամիսը սկսած 1935 թվականից։

Ձմռան սեզոնային միջին ջերմաստիճանի աճը 1935-2022թթ. ժամանակահատվածում կազմել է 1.4 °C, իսկ տեղումները նվազել են` նորմայի 1.6%-ի չափով։ 2022 թվականի գարնան միջին սեզոնային ջերմաստիճանը եղել է նորմային մոտ և կազմել է 4.4 °C, սեզոնային տեղումների գումարը կազմել է 226 մմ, որը նույնպես նորմայի սահմաններում է։ Ցուրտ և տեղումնառատ էին մարտ և մայիս ամիսները, երբ միջին ամսական ջերմաստիճանները 1961-1990թթ. նորմայից ցածր էին համապատասխանաբար 1․9 և 0․9 °C-ով։ Իսկ տեղումները այդ ամիսներին կազմել են համապատասխանաբար նորմայի 174 % և 118 %։ Մարտը հանդիսացավ երկրորդ տեղումնառատ ամիսը սկսած 1935 թ (ամենատեղումնառատ մարտը դիտվել է 1969 թվականին)։ Ապրիլ ամիսը եղել է նորմայից տաք 2․8 °C-ով, իսկ տեղումները կազմել են նորմայի ընդամենը 44%` երրորդ ամենաչոր ապրիլը սկսած 1935 թվականից։ Գարնան սեզոնային միջին ջերմաստիճանը աճել է 1.7 °C-ով 1935-2022թթ. ժամանակահատվածում, իսկ տեղումները նվազել են՝ նորմայի 13%-ի չափով։

2022 թվականի ամառը դասվեց էքստրեմալ տաք ամառների շարքում, այն հինգերորդ տաք ամառն էր սկսած 1935 թվականից։ Ամռան միջին սեզոնային ջերմաստիճանը կազմեց 18 °C, որը նորմայից բարձր է 2,3 °C-ով, սեզոնային գումարային տեղումների քանակը կազմել է 86.8 մմ, որը նորմայի 58 % է։ 
Ամռան երեք ամիսներին օդի միջին ամսական ջերմաստիճանները բարձր էին 1961-1990թթ նորմաներից։ Հատկապես տաք էին հունիս և օգոստոս ամիսները․ օդի միջին ամսական ջերմաստիճանները նորմայից բարձր էին համապատասխանաբար 2.7 °C-ով և 2.8 °C-ով, իսկ հուլիսին՝ 1.2 °C-ով։ 
Ամռան սեզոնը շատ չորային էր, այն երկրորդ չորային ամառն էր սկսած 1935 թվականից։ Մթնոլորտային տեղումները ցածր էին նորմայից հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին, և ամսական տեղումների քանակը կազմել է համապատասխանաբար նորմայի 88 %, 22 % և 44%-ը։

Ամռան միջին ջերմաստիճանը աճել է 2.0°C-ով 1935-2022թթ. ժամանակահատվածում, իսկ տեղումները նվազել են նորմայի 32 %-ի չափով։
2022 թվականի աշունը դասվեց «էքստրեմալ տաք» աշունների շարքում, այն երկրորդ տաք աշունն էր սկսած 1935 թվականից, ամենատաքը դիտվել է 2010 թվականին։
Աշնան միջին սեզոնային ջերմաստիճանը՝ 9.5 °C, նորմայից բարձր էր 2.2 °C-ով, սեզոնային գումարային տեղումները՝ 70.8 մմ, կազմել է նորմայի 59.5 %։
Աշնան երեք ամիսներին էլ օդի միջին ամսական ջերմաստիճանները բարձր էին 1961-1990թթ. նորմաներից։ Հատկապես տաք էին սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսները, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանները նորմայից բարձր էին համապատաս¬խանաբար 2.4 °C-ով և 2.6 °C-ով, իսկ նոյեմբերին՝ 1.8 °C-ով։
Աշնան սեզոնը շատ չորային էր, այն հինգերորդ չորային սեզոնն էր սկսած 1935 թվականից։ Աշնան երեք ամիսներին էլ մթնոլորտային տեղումները ցածր էին նորմայից՝ սեպտեմբերին կազմել է նորմայի 78 %, հոկտեմբերին՝ 60 %, իսկ նոյեմբերին՝ 47 %։

Աշնան միջին ջերմաստիճանը 1935-2022թթ. ժամանակահատվածում աճել է 1.0°C-ով, իսկ տեղումները նվազել են նորմայի 31.2 %-ի չափով։

  Ջերմաստիճան (°C) Տեղումներ (%)
Ձմեռ                         +1.4 -1.6
Գարուն +1.7 -13․0
Ամառ  +2.0     -32․0
Աշուն +1.0     -31.2
Տարեկան +1.5     -19․5

2022 թվականին ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է Արարատում հուլիսի 18-ին՝ 41.3 oC, իսկ ամենացուրտ օրը դիտվել է Աշոցքում հունվարի 1-ին, երբ օդի նվազագույն ջերմաստիճանը հասավ -28.5 oC: Գործող օդերևութաբանական կայաններից միայն Պուշկինի լեռնանցքում սեպտեմբերի 1-ին գերազանցվեց երբևիցե դիտված առավելագույն ջերմաստիճանը և հասավ 30.1 °C։
Ամառային օրերի (Su25 ինդեքս՝ օրերի թիվը, երբ առավելագույն ջերմաստիճանը 25°C-ից բարձր է) գումարային թիվը 2022 թվականին նորմայից (1961-1990թթ) ավել է եղել միջինում` 29 օրով, առավելագույն շեղումը եղել է Թալինում 71 օրով, իսկ Դիլիջանում և Գորիսում ավել է եղել 45 օրով և 42 օրով, համապատասխանաբար։

Երևան

Երևանում 2022 թվականին միջին տարեկան ջերմաստիճանը եղել է 14,1 աստիճան՝ շեղումը նորմայից կազմում է +1.7 °C։ Տարեկան տեղումների քանակը եղել է 114.5մմ, որը կազմում է բազմամյա տարեկան նորմայի 40 %-ը։ Ստորև բերված գրաֆիկից երևում է, որ 2022 թվականի փետրվար, սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին դիտված առավելագույն ջերմաստիճանները (կարմիր գիծը) մոտ են եղել այդ ամիսներին երբևիցե դիտված ամենաբարձր ջերմաստիճաններին (նարնջագույն կետեր)։ Միջին ամսական ջերմաստիճանների տարեկան ընթացքը (կանաչ գծով) ցույց է տալիս, որ ամենատաք ամիսը եղել է օգոստոսը, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը կազմել է 29 °C։

Ամենատաք ամսվա առավելագույն ջերմաստիճանները (TXx)

2022 թվականին դիտված առավելագույն ջերմաստիճանները (TXx) նորմայից (1961-1990թթ․) բարձր է եղել միջինում 2.5 °C-ով, իսկ առավել զգալի շեղումները նորմայից դիտվել է Թալինում՝ 5.2 °C-ով, Ճամբարակում՝ 4.7 °C-ով, Արարատում՝ 4.0 °C-ով։

Սառնամանիքային օրեր (IDO)

2021-2022թթ․ ձմեռային սեզոնի IDO-ն (օրերի թիվը տարվա ընթացքում, երբ առավելագույն ջերմաստիճանը TXij<0 °C-ից ) գրեթե բոլոր կայաններում եղել է նորմայից (1961-1990թթ․) պակաս: Սառնամանիքային օրերի քանակը զգալիորեն ցածր է եղել նորմայից Թալինում՝ 30 օրով, Հրազդանում՝ 26 օրով, Մարտունիում՝ 25 օրով։

Երաշտային պայմանները

2022 թվականի երաշտային պայմանների մայիս-սեպտեմբեր ամիսներին ինտենսիվության մոնիթորինգ իրականացվել է 18 օդերևութաբանական կայանների տվյալներով։ Երաշտային պայմանների գնահատումը իրականացվել է 5 կարգերով՝ 1-շատ ուժեղ, 2-ուժեղ, 3-միջին, 4-թույլ և 5-երաշտի բացակայություն։ Երաշտի գնահատման համար օգտագործվել են օդի միջին ջերմաստիճանը, մթնոլորտային տեղումները և օդի հարաբերական խոնավությունը։

Ինչպես երևում է աղյուսակ 2-ից, Արարատյան դաշտում ուժեղ և շատ ուժեղ կարգի երաշտներ են դիտվել սկսած հունիսի առաջին և երկրորդ տասնօրյակներից մինչև սեպտեմբերի վերջ։ Նախալեռնային, լեռնային և բարձր լեռնային շրջանների կայաններում ուժեղ և շատ ուժեղ երաշտը սկսվել է հուլիսի երրորդ տասնօրյակից և որոշ կայաններում ընդհատումներով տևել է մինչև սեպտեմբերի վերջ, բացառությամբ՝ Ապարանի, Ծաղկահովտի և հյուսիսային որոշ շրջանների, որտեղ երաշտային պայմանները ավելի թույլ էին։
Օգոստոսի երկրորդ տասնօրյակից սկսված երաշտային պայմանների գնահատում իրականացվել է 38 կայանների տվյալների համար մինչև հոկտեմբերի վերջ։