AM RU EN

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

«ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ
ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ (
ներբեռնել)

I.    ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ Կազմակերպություն) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն է, որը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և այլ օրենսդրական  ու ենթաօրենսդրական իրավական ակտերի հիման վրա, ինչպես նաև սույն կանոնադրությամբ:
2. Կազմակերպությունը ստեղծվել է Կառավարության 2020 թվականի հունվարի 30-ի N 81-Ն որոշմամբ՝ «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» (պետական գրանցման համարը՝ 222.210.952674), «Անտառային մոնիթորինգի կենտրոն» (պետական գրանցման համարը՝ 273.210.04175) և «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» (պետական գրանցման համարը՝ 286.210.04768) պետական ոչ առևտրային կազմակերպությունների միաձուլման արդյունքում և հանդիսանում է դրանց իրավահաջորդը՝ համաձայն փոխանցման ակտերի:
3. Կազմակերպությունը «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով նախատեսված պետական հիդրոօդերևութաբանական ծառայությունն է:
4. Կազմակերպությունը Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության կոնվենցիայի և 1992 թվականի փետրվարի 8-ի «Հիդրոօդերևութաբանության բնագավառում փոխգործակցության մասին» համաձայնագրի շրջանակներում համագործակցում է միջազգային կազմակերպությունների և այլ երկրների հիդրոօդերևութաբանական ծառայությունների հետ։
5. Կազմակերպության հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է՝ ի դեմս Կառավարության (այսուհետ՝ հիմնադիր):
6. Կազմակերպության կանոնադրությունը դրա հիմնադիր փաստաթուղթն է:
7. Կազմակերպությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և կազմակերպության հայերեն, ռուսերեն և անգլերեն անվանմամբ կլոր կնիք, դրոշմակնիք, կարող է ունենալ ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
8. Կազմակերպության անվանումն է՝

1)    հայերեն լրիվ  «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
2)    հայերեն կրճատ «ՀՄԿ» ՊՈԱԿ,
3)   ռուսերեն լրիվ Государственная некоммерческая организация  «Центр гидрометеорологии и мониторинга»,
4) ռուսերեն կրճատ ГНО «ЦГМ»,
5) անգլերեն լրիվ «Hydrometeorology and Monitoring Center» State Non-Commercial Organization,
6) անգլերեն կրճատ «HMC» SNCO:
9. Կազմակերպության գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն,  ք. Երևան, Չարենցի 46:

II.    ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

10. Կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակներն են՝

1) շրջակա միջավայրի բաղադրիչների՝ մթնոլորտային օդի, ջրային ռեսուրսների, բուսական ու կենդանական աշխարհի, այդ թվում՝ բնության հատուկ պահպանվող տարածքների ու անտառների, հողերի և ընդերքի պահպանության և բնական ռեսուրսների (բացառությամբ՝ օգտակար հանածոների պաշարների) բանական օգտագործման ապահովմանը նպաստելը՝ շրջակա միջավայրի բաղադրիչների և դրանց վրա ազդող գործոնների նկատմամբ դիտարկումների իրականացման, վիճակի գնահատման համար բավարար տվյալների ստեղծման, դրանց գրանցման, վերլուծման, տրամադրման ու պահման միջոցով.
2) հիդրոօդերևութաբանական տարրերի (մթնոլորտային ճնշում, քամի, խոնավություն, օդի և ջրի ջերմաստիճան, ջրի մակարդակ և ծախս, հորդացում, սառցակալում և այլն) և պրոցեսների վիճակը բնորոշող տեղեկատվության ստանալը՝ դիտարկումների իրականացման, ստացված տեղեկատվության ուսումնասիրության, օգտագործման, տրամադրման, պահպանման և վիճակի գնահատման ու կանխատեսման միջոցով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների ու ռադիոլոկացիոն դիտարկումների կազմակերպման և իրականացման ապահովումը։

11. Կազմակերպության գործունեության խնդիրներն են՝

1) պլանավորված, միջազգային ստանդարտներին ու միասնական ցուցանիշներին համապատասխան շրջակա միջավայրի և հիդրոօդերևութաբանական գործունեության մոնիթորինգի ապահովումը.
2) շրջակա միջավայրի և հիդրոօդերևութաբանական երևույթների ու պրոցեսների նկատմամբ դիտարկումների իրականացման, դրանց վիճակի մասին հավաստի տեղեկատվության ստացման, ստացված տեղեկատվությունը միասնական տեղեկատվական շտեմարաններում (ֆոնդում) ներբեռնման և պետական մարմիններին, հասարակական կազմակերպություններին ու հասարակությանը տեղեկատվության տրամադրման ապահովումը.
3) Հայաստանի Հանրապետության տարածքում շրջակա միջավայրի վիճակի աղտոտվածությամբ պայմանավորված և վտանգավոր ու տարերային հիդրոօդերևութաբանական երևույթներից բնակչության և տնտեսության պաշտպանությանը, քաղաքացիների կյանքին ու սեփականությանն սպառնացող վտանգի վերաբերյալ ահազանգման համակարգի ապահովումը.
4) շրջակա միջավայրի և հիդրոօդերևութաբանական գործունեության համակարգերի կատարելագործման, դիտացանցերի ու նյութատեխնիկական բազայի զարգացման, ժամանակակից տեխնիկական միջոցների ու տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման, տեխնիկական միջոցների շահագործման և ընթացիկ նորոգման, մասնագիտական չափիչ-ստուգիչ սարքերի և այլ չափման միջոցների ստուգաչափման ու չափաբերման գործընթացի ապահովումը.
5) թափոնների և դրանց հեռացման վայրերի դիտարկումների և ուսումնասիրությունների իրականացման և բացասական ազդեցությունների վերհանման ապահովումը։

12. Կազմակերպության գործառույթներն  են՝

1)    շրջակա միջավայրի մոնիթորինգի իրականացումը, այդ թվում՝

ա․մթնոլորտային օդի աղտոտվածության, մթնոլորտային օդի վրա ֆիզիկական ներգործությունների, մթնոլորտում տեղի ունեցող բնական երևույթների, ինչպես նաև կլիմայի փոփոխությունների, օզոնային շերտը քայքայող նյութերի և մարդածին այլ ազդեցությունների ու երևույթների դիտարկումների իրականացումը,
բ․ մակերևութային և ստորերկրյա քաղցրահամ ջրային ռեսուրսների, որակական ու քանակական հատկությունների, ինչպես նաև ջրային ռեսուրսների վիճակը վատթարացնող այլ ազդեցությունների ու երևույթների դիտարկումների և ուսումնասիրությունների իրականացումը,
գ․ հողերի աղտոտվածության վիճակի ու որակական փոփոխությունների և հողերի վրա այլ բացասական ազդեցությունների ու երևույթների դիտարկումների և ուսումնասիրությունների իրականացումը,
դ․ բուսական և կենդանական աշխարհի օբյեկտների տեսակների ու դրանց պոպուլյացիաների, համակեցությունների բազմազանության, ինչպես նաև դրանց տարածվածության, աճելավայրերի ու բնակության վայրերի և տեսակների գոյության համար առանձնահատուկ դեր խաղացող էկոհամակարգերի դիտարկումների և ուսումնասիրությունների իրականացումը,
ե.բնության հատուկ պահպանվող տարածքների, անտառների և անտառային հողերի վիճակի, քանակական և որակական փոփոխությունների, անտառվերականգման, անտառապատման, անտառօգտագործման, հիվանդությունների և վնասատուների տարածվածության, անտառային հրդեհների, այդ թվում հրդեհային անվտանգության կանոնների և դրանցից բխող միջոցառումների, բնության հատուկ պահպանվող տարածքների, անտառային և անտառային հողերի վրա մարդածին և բնական գործոնների հետևանքների, անտառային օրենսդրության խախտումների, ապօրինի հատումների, բնափայտի անօրինական տեղափախման, իրացման և բացասական այլ գործողությունների դիտարկումների և ուսումնասիրությունների իրականացումը, Հայաստանի Հանրապետությունում փայտանյութի սպառման շուկայի վերլուծությունը և գնահատումը, անտառային տնտեսության վարման և ոլորտի զարգացման ուղղված ծրագրերի ու նախագծերի ուսումնասիրումը և գնահատումը․
զ․ թափոնների գոյացման, վերամշակման ու օգտահանման օբյեկտների և հեռացման վայրերի ու թափոնների դասակարգչի կազմման համար ուսումնասիրության իրականացումը, ինչպես նաև թափոնների օգտագործման ու վնասազերծման սակավաթափոն և անթափոն տեխնոլոգիաների մասին տվյալների հավաքումն ու վերլուծումը,
է․ թափոնների և դրանց հեռացման վայրերի դիտարկումների և ուսումնասիրությունների իրականացումը,
ը․ շրջակա միջավայրի, ներառյալ՝ բնական ռեսուրսների (բացառությամբ՝ օգտակար հանածոների պաշարների) առկա վիճակի գնահատումը և կանխատեսումը.

2)    հիդրոօդերևութաբանական գործունեության իրականացումը, այդ թվում՝

ա․ հիդրոօդերևութաբանական երևույթների ու պրոցեսների, հողի, գյուղատնտեսական մշակաբույսերի, արոտավայրերի, օզոնային շերտի վիճակի, ուլտրամանուշակագույն ճառագայթման, ակտինոմետրիական և աերոլոգիական դիտարկումների իրականացումը,
բ․ գետերի, լճերի և ջրամբարների հիդրոլոգիական ռեժիմի տարածաժամանակային օրինաչափությունների ուսումնասիրումը և մակերևութային ջրերի պետական հաշվառման իրականացումն ու պետական կադաստրի վարումը,   
գ․ դիտարկումների արդյունքում ստացված տվյալների հավաքագրումը, մշակումը, օգտագործումը, պահպանումն ու պաշտոնական կանխատեսումների և նախազգուշացումների կազմումը,
դ․կլիմայի և դրա փոփոխության տարածաժամանակային օրինաչափությունների ուսումնասիրության, գնահատման և կանխատեսման իրականացումը, ինչպես նաև դրա ազդեցության հետևանքով տնտեսության տարբեր ոլորտների խոցելիության վերաբերյալ իր իրավասությունների սահմաններում շահագրգիռ կազմակերպություններին առաջարկություններ ներկայացնելը,
ե․ բնակչության կյանքի ու առողջության, երկրի տնտեսության և շրջակա միջավայրի համար սպառնալիք հանդիսացող վտանգավոր հիդրոօդերևութաբանական ու մթնոլորտային երևույթների և գործընթացների փաստացի ու կանխատեսվող կտրուկ փոփոխությունների մասին օպերատիվ տեղեկատվության պատրաստումն ու հաղորդումը,
զ․ հիդրոօդերևութաբանական պայմաններից մեծապես կախվածության մեջ գտնվող տնտեսության ճյուղերի, այդ թվում` գյուղատնտեսության, էներգետիկայի, ավիացիայի, շինարարության, տրանսպորտի և կապի, սոցիալ-տնտեսական գործունեությունը և կայուն զարգացումն ապահովելու նպատակով անհրաժեշտ հիդրոօդերևութաբանական դիտարկումների իրականացումն ու կանխատեսումների կազմումը.
է․ Հայաստանի Հանրապետության տարածքում մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների ու ռադիոլոկացիոն դիտարկումների կազմակերպումը և իրականացումը․
ը․ շահագրգիռ կազմակերպությունների հետ համատեղ՝ մթնոլորտային երևույթների հետևանքով տնտեսությանը հասցված վնասների չափերի ուսումնասիրման աշխատանքներին մասնակցելը.

3)  շրջակա միջավայրի, ներառյալ՝ բնական ռեսուրսների (բացառությամբ՝ օգտակար հանածոների պաշարների) և հիդրոօդերևութաբանական երևույթների ու պրոցեսների միասնական տեղեկատվական շտեմարանի (ֆոնդի) ստեղծումն ու վարումը․
4)    շրջակա միջավայրի և հիդրոօդերևութաբանական գործունեության մոնիթորինգի արդյունքներով ստացված տեղեկատվության հավաքագրումը, վերլուծումը և պետական մարմիններին, հասարակական կազմակերպություններին ու հասարակությանը տեղեկատվության տրամադրումը․
5)    պետական նշանակություն ունեցող շրջակա միջավայրի մոնիթորինգի և հիդրոօդերևութաբանական ու մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծրագրերի, ինչպես նաև բարձր աղտոտվածությամբ պայմանավորված շրջակա միջավայրի վիճակից ու վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթներից բնակչության և տնտեսության պաշտպանությանը, քաղաքացիների կյանքին, նրանց սեփականությանն սպառնացող վտանգի վերաբերյալ ազդարարումը․
6)    մասնակցություն շրջակա միջավայրի մոնիթորինգին, հիդրոօդերևութաբանական գործունեությանը և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործությանը վերաբերող իրավական ակտերի մշակման աշխատանքներին.
7)    մասնակցություն միջազգային ու տարածաշրջանային նշանակության շրջակա միջավայրի և հիդրոօդերևութաբանական գործունեության մոնիթորինգի ծրագրերի իրականացմանը, տեղեկատվության փոխանակման համընդգրկուն և տարածաշրջանային միասնական միջազգային համակարգերի ձևավորմանն ու զարգացմանը։

13. Կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները.

1) լաբորատոր հետազոտությունների և անալիզների իրականացում.
2) հիդրոերկրաբանական տեղեկատվությունների (խորհրդատվությունների) կազմում և տրամադրում.
3) ստորերկրյա ջրերի հանքավայրերի լոկալ կամ փոքր տեղամասերում սահմանափակ տեխնածին գործոնների ազդեցությամբ ձևավորվող ստորերկրյա ջրերի ռեժիմի հատուկ դիտողական ցանցի դիտակետերում ջրերի քանակի և որակի ուսումնասիրությունների իրականացում.
4) հիդրոօդերևութաբանական տեղեկատվության տրամադրում և մասնագիտացված հիդրոօդերևութաբանական ծառայությունների մատուցում.
5) մթնոլորտային երևույթների ռադիոլոկացիոն դիտարկումներ և համապատասխան տեղեկատվական ծառայությունների մատուցում.
6) աշխարհատեղեկատվական համակարգի և հեռազննման տեխնոլոգիաներով հետազոտությունների իրականացում:
14. Կազմակերպությունը լիցենզավորման ենթակա գործունեություն կարող է իրականացնել  լիցենզիայի առկայության դեպքում:

III.    ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

15.  Կազմակերպության կառավարումն իրականացնում են հիմնադիրը, նրա լիազորած պետական մարմինը, գործադիր մարմինը ՝ տնօրենը:
16. Կազմակերպության հիմնադիրն ունի պետական կազմակերպության գործունեությանը և կառավարմանը վերաբերող ցանկացած հարց վերջնական լուծելու իրավունք, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
17.  Հիմնադրի բացառիկ լիազորությունները սահմանվում են «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքով:
18. Կազմակերպության ընդհանուր կառավարումն իրականացնում է շրջակա միջավայրի նախարարությունը, որպես ոլորտի կառավարման պետական լիազորված մարմին:
19. Պետական լիազորված մարմնի լիազորություններն են՝

1) Կազմակերպության կանոնադրության հաստատումը և դրանում փոփոխություններ կատարումը.
2) Կազմակերպության կառավարման համակարգի սահմանումը.
3) Կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող` պետությանը պատկանող գույքի կազմի հաստատումը.
4)  կազմակերպության լուծարման հանձնաժողովի նշանակումը և լուծարման հաշվեկշռի հաստատումը.
5) Կազմակերպության կառավարման մարմինների ձևավորումը և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.
6) Կազմակերպության աշխատանքային ծրագրերի հաստատումը և գործունեության վերահսկողությունը.
7) Կազմակերպության գործադիր մարմնի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանների, հրահանգների, կարգադրությունների ու ցուցումների կասեցումը կամ դրանք ուժը կորցրած ճանաչումը.
8) Կազմակերպության գործունեության մասին հաշվետվությունների լսումը և դրա գործունեության վերստուգման արդյունքների քննարկումը,
9) Կազմակերպությանն ամրագրված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ վերահսկողության իրականացումը.
10) Կազմակերպության տարեկան հաշվետվությունների և հաշվեկշռի հաստատումը.
11) Կազմակերպության եկամուտների և ծախսերի նախահաշվի հաստատումը.
12) «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքով, հիմնադրի որոշումներով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթների իրականացումը:

20. Կազմակերպության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է տնօրենը, որին պաշտոնի է նշանակում և  ազատում լիազորված պետական մարմինը:
21. Կազմակերպության տնօրենն օրենքով, հիմնադրի և լիազորված պետական մարմնի որոշումներով, սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է Կազմակերպության գործունեությունը և կրում է պատասխանատվություն օրենքների, իրավական այլ ակտերի, հիմնադրի կամ լիազորված պետական մարմնի որոշումների, սույն կանոնադրության և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
22. Կազմակերպության տնօրենի հետ կնքվում է պայմանագիր, որը հիմնադրի անունից ստորագրում է լիազորված պետական մարմնի ղեկավարը: Պայմանագրում սահմանվում են նրա իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը և փոխհարաբերությունները լիազորված պետական մարմնի, պետական կառավարման այլ մարմինների հետ, նրա աշխատանքի վարձատրության պայմանները, պայմանագրի դադարման՝ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքով նախատեսված բոլոր հիմքերը և այլ դրույթներ, որոնք պայմանավորվող կողմերը կգտնեն անհրաժեշտ: Պայմանագրի դրույթները չեն կարող հակասել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության պահանջներին:
23. Տնօրենի պաշտոնում նշանակված անձը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:
24. Տնօրենի պաշտոնում նշանակված անձը գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով Կազմակերպությանը և (կամ) պետությանը պատճառված վնասի համար: Տնօրենի պաշտոնում նշանակված անձի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառած վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:
25. Տնօրենը պարտավոր է չկատարել հիմնադրի, լիազորված պետական մարմնի` օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամանները, հրահանգները և դրանց չկատարման համար չի կարող ենթարկվել պատասխանատվության:
26.Տնօրենն իրականացնում է օրենսդրությամբ սահմանված և պայմանագրով իրեն տրված այլ լիազորություններ:
27. Տնօրենի բացակայության դեպքում, լիազորված պետական մարմնի գրավոր որոշման համաձայն այդ լիազորություններն իրականացնում է այլ անձ:
28. Տնօրենի տեղակալները պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում են տնօրենի կողմից՝ լիազորված պետական մարմնի համաձայնությամբ:
29. Տնօրենը՝

1) առանց լիազորագրի հանդես է գալիս Կազմակերպության անունից, ներկայացնում է նրա շահերը և կնքում է գործարքներ.
2) օրենսդրությամբ, հիմնադրի և լիազորված պետական մարմնի որոշումներով և Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է պետական կազմակերպության գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.
3) տալիս է կազմակերպության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
4) աշխատանքի է նշանակում և աշխատանքից ազատում Կազմակերպության աշխատակիցներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.
5) սահմանում և հաստատում է Կազմակերպության աշխատողների հաստիքացուցակը՝ համաձայնեցնելով լիազորված պետական մարմնի հետ, պայմանագրային հիմունքներով ընդունում աշխատողներ.
6) պետական ֆինանսների կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի գանձապետարանում բացում է հաշիվներ.
7) սահմանում է Կազմակերպության կառուցվածքը.
8) օրենքով և Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.
9) ապահովում է Կազմակերպության գործունեության վերաբերյալ համապատասխան հաշվետվությունների կազմումը և սահմանված կարգով ներկայացնում լիազորված պետական մարմնին ներկայացումը.
10) իրականացնում է օրենսդրությամբ չհակասող և Կազմակերպության կառավարման այլ մարմիններին չվերապահված այլ լիազորություններ:

30. Կազմակերպությունն՝

1) ինքնուրույն է կազմակերպում իր գործունեությունը, իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ կնքում է պայմանագրեր և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում որոշում է սպառողների պատվերներով և նրանց ֆինանսավորմամբ իր կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության սակագները.
2) հաշվապահական հաշվառումը վարում է «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքով, հաշվապահական ստանդարտներով և այլ իրավական ակտերով, սահմանված կարգով ներկայացնում է ֆինանսական և վիճակագրական հաշվետվություններ.
3) հարկերը, տուրքերը և պարտադիր այլ վճարները վճարում է շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների համար նախատեսված կարգով ու չափով.
4) կրում է օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված այլ պարտականություններ:

31. Ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ Կազմակերպության աշխատակիցների առողջությանը և գույքին պատճառված վնասի հատուցումը կատարվում է օրենքով սահմանված կարգով:

IV.     ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

32. Կազմակերպությունն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով տիրապետում է իրեն ամրացված գույքը:
33. Կազմակերպության ֆինանսական միջոցները գոյանում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կողմից իրականացվող ֆինանսավորումից, միջազգային կազմակերպությունների հետ համատեղ իրականացվող աշխատանքների (ծրագրերի) միջոցներից, ձեռնարկատիրական գործունեության մատուցման դիմաց վճարումներից, հովանավորչական, նվիրատվական, ինչպես նաև
Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ մուտքերից:
34. Կազմակերպության ձեռնարկատիրական գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործվում է Կառավարության կողմից սահմանված կարգով:
35. Կազմակերպությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, բանկային հաշիվներ Հայաստանի Հանրապետության արժույթով և արտարժույթով:

V.    ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

36. Կազմակերպության գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են հիմնադիրը, լիազորված պետական մարմինը, հիմնադրի կողմից լիազորված, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ պետական կառավարման մարմինները:
37. Կազմակերպությունը հիմնադրի կողմից սահմանված կարգով պարտավոր է հրապարակել իր տարեկան ֆինանսական հաշվետվությունը:

VI.    ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

38.  Կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել կամ լուծարվել հիմնադրի որոշմամբ կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
39. Կազմակերպության լուծարման դեպքում պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե: