Կլիմայական բնութագիր․ ձմեռ 2023թ․
Կլիմայական բնութագիր․ ամառ 2023թ․
Կլիմայական բնութագիր․ գարուն 2023թ․
Կլիմայական բնութագիր․ ձմեռ 2023թ․
Հայաստանը բնութագրվում է որպես չորային կլիմայական պայմաններ ունեցող լեռնային երկիր՝ գտնվելով մերձարևադարձային կլիմայական գոտու հյուսիսային սահմանին։ Հայաստանի տարեկան միջին (1961-1990թթ.) ջերմաստիճանը և տեղումների քանակը կազմում են համապատասխանաբար 5.5°С և 592մմ, սակայն պայմանավորված լեռնային ռելիեֆով օդի ջերմաստիճանը և տեղումների քանակի զգալիորեն փոփոխվում են ըստ տարածքի և բարձրության։
Տարեկան օդի միջին ջերմաստիճանը փոփոխվում է -5–4°С–ից մինչև 14-15°С, իսկ տեղումների քանակը 200-300մմ–ից մինչև 1000մմ։ Այսպիսով, լեռնային ռելիեֆով պայմանավորված՝ Հայաստանի տարածքում դիտվում է կլիմայական պայմանների վերընթաց գոտիականություն և առանձնացնում են 10 կլիմայական գոտիներ՝ խիստ ցամաքայինից մինչև ցուրտ լեռնային կլիմա։
Արագածոտնի մարզը գտնվում է Հայաստանի տարածքի կենտրոնական մասում և սահմանակից է Շիրակի, Լոռու, Կոտայքի և Արմավիրի մարզերին: Մարզը ընդգրկում է Արագածի հյուսիս-արևելյան, արևելյան և հարավային լանջերը` սկսած նրա գագաթից մինչև 1000մ բարձրությունները:
Միջին տարեկան ջերմաստիճանը մարզի նախալեռնային շրջաններում (մինչև 1500մ) 8-11°С է, լեռնային շրջաններում (մինչև 2000 մետր)` 4-6°С է, 2700մ-ից բարձր այն 0°С -ից ցածր է, 3229մ բարձրության վրա (Արագած բ/լ) միջին տարեկան ջերմաստիճանը կազմում է -2.6°С: Տարվա ամենացուրտ ամիսը հունվարն է, միջին ամսական ջերմաստիճանը Արագածի զանգվածի հարավային լանջերի նախալեռնային շրջաններում -4…-6°С է, լեռնային շրջաններում` -7…-9°С, բարձր լեռնային շրջաններում` -10°С-ից ցածր: Հուլիս-օգոստոս ամիսներին միջին ջերմաստիճանը նախալեռնային շրջաններում կազմում է 22-25°С, լեռնային շրջաններում` 18-20°С, իսկ բարձր լեռնային շրջաններում` 9-15°С: Բացարձակ առավելագույն ջերմաստիճանները մարզի տարածքում տատանվում են 20°С-ից (Արագած բ/լ) մինչև 41°С (Աշտարակ), իսկ նվազագույն ջերմաստիճանները -22°С-ից (Աշտարակ) հասնում են մինչև -34°С (Արագած բ/լ):
Հարաբերական խոնավությունը տարվա ընթացքում մեծ է միջին և բարձր լեռնային շրջաններում և գիշերվա ժամերին հասնում է 80-90%: Ամռանը ցածրադիր գոտում, հատկապես ցերեկվա ժամերին, հարաբերական խոնավությունը փոքր է` 40-50%, իսկ շատ հաճախ` 30%-ից ցածր:
Տեղումների քանակը Արագածոտնի մարզում տատանվում է 350մմ-ից (Աշտարակ) մինչև 1000մմ (Արագած բ/լ): Ամռանն ամենուրեք տեղումները դիտվում են անձրևի տեսքով:
Ամպրոպները հաճախ ուղեկցվում են կարկտահարությամբ: Տարվա ընթացքում կարկուտով օրերի թիվը մարզում տատանվում է 2-ից (Աշտարակ) 9 օր (Արագած բ/լ): Տարվա ընթացքում մարզում 60-160 օր դիտվում է մառախուղ: Տարվա ընթացքում բուք Թալինում դիտվում է 6 օր, Ապարանում` 17 օր և Արագած բ/լ կայանի տարածքում` 80 օր:
Արարատի մարզ
Արարատի մարզը գտնվում է Հայաստանի տարածքի արևմտյան մասում և ընդգրկում է Արարատյան դաշտի արևելյան հատվածը: Այն սահմանակից է Երևանին, Արմավիրի և Գեղարքունիքի մարզերին:
Օդի միջին տարեկան ջերմաստիճանը 12-13°С է, իսկ լեռնային գոտում` 6°С (Անանուն լեռնանցք): Առավել ցուրտ ամիսը հունվարն է, միջին հունվարյան ջերմաստիճանը մարզում տատանվում է -3…-4°С-ի սահմաններում, լեռնային շրջաններում հասնում է մինչև -7°С: Դիտվում են նաև սառնամանիքներ մինչև -31.6°С (Արարատ): Ցուրտ ժամանակաշրջանը տևում է դեկտեմբերի կեսից մինչև փետրվարի վերջը, սակայն ցրտահարություններ դիտվում են նաև ապրիլի սկզբին, երբ սկսվում է բույսերի ակտիվ վեգետացիայի շրջանը, իսկ Արտաշատում և Ուրցաձորում՝ նույնիսկ մայիս ամսին: Անսառնամանիք ժամանակաշրջանի տևողությունը մարզում 163-223 օր է: Ջեռուցման ժամանակաշրջանը սկսվում է նոյեմբերի առաջին տասնօրյակից և ավարտվում մարտի վերջին, տևողությունը 128-142 օր է: Արևափայլի տևողությունը կազմում է 2471-2968 ժամ:
Մարզում ձնածածկույթ առաջանում է ամեն տարի, սակայն կայուն ձնածածկույթ ցածրադիր շրջաններում ձևավորվում է ոչ ամեն տարի:
Արաքս գետի մերձակա շրջանները բավական չորային են, տեղումների քանակը կազմում է 200-300մմ, բարձրադիր շրջաններում 350-600մմ: Ամենաչոր ամիսը օգոստոսն է` 4-10մմ: Տարվա ընթացքում դիտվում է տեղումների երկու մաքսիմում: Առաջինը` մայիսին, երկրորդը` նոյեմբերին: Չնայած Արարատի մարզը չոր շրջան է, սակայն դիտվում են նաև հորդառատ տեղումներ, որոնց քանակը գերազանցում է ամսական նորման:
Մարզում դիտվում է քամիների լեռնահովտային շրջանառություն, լավ արտահայտված է քամու ուղղությունների օրական ընթացքը: Լեռնահովտային շրջանառությունը ուժեղանում է ամռանը: Քամու միջին տարեկան արագությունը կազմում է 1-2մ/վ, առավելագույն արագությունը հասնում է 18-22մ/վ, լեռնային շրջաններում մինչև 35մ/վ, իսկ պոռթկումը` 40մ/վ:
Մառախուղները դիտվում են հիմնականում տարվա ցուրտ կեսին: Ցածրադիր շրջաններում մառախլապատ օրերի թիվը կազմում է 10-20 օր, բարձրադիր շրջաններում` 71 օր, իսկ առավելագույնը համապատասխանաբար 44 օր և 124 օր (Անանուն լեռնանցք):
Ամպրոպով օրերի թիվը տարեկան կազմում է 34-46 օր, սակայն առավելագույնը կարող է հասնել մինչև 70 օր:
Արարատի մարզը գտնվում է Հայաստանի տարածքի արևմտյան մասում և ընդգրկում է Արարատյան դաշտի արևելյան հատվածը: Այն սահմանակից է Երևանին, Արմավիրի և Գեղարքունիքի մարզերին:
Օդի միջին տարեկան ջերմաստիճանը 12-13°С է, իսկ լեռնային գոտում` 6°С (Անանուն լեռնանցք): Առավել ցուրտ ամիսը հունվարն է, միջին հունվարյան ջերմաստիճանը մարզում տատանվում է -3…-4°С-ի սահմաններում, լեռնային շրջաններում հասնում է մինչև -7°С: Դիտվում են նաև սառնամանիքներ մինչև -31.6°С (Արարատ): Ցուրտ ժամանակաշրջանը տևում է դեկտեմբերի կեսից մինչև փետրվարի վերջը, սակայն ցրտահարություններ դիտվում են նաև ապրիլի սկզբին, երբ սկսվում է բույսերի ակտիվ վեգետացիայի շրջանը, իսկ Արտաշատում և Ուրցաձորում՝ նույնիսկ մայիս ամսին: Անսառնամանիք ժամանակաշրջանի տևողությունը մարզում 163-223 օր է: Ջեռուցման ժամանակաշրջանը սկսվում է նոյեմբերի առաջին տասնօրյակից և ավարտվում մարտի վերջին, տևողությունը 128-142 օր է: Արևափայլի տևողությունը կազմում է 2471-2968 ժամ:
Մարզում ձնածածկույթ առաջանում է ամեն տարի, սակայն կայուն ձնածածկույթ ցածրադիր շրջաններում ձևավորվում է ոչ ամեն տարի:
Արաքս գետի մերձակա շրջանները բավական չորային են, տեղումների քանակը կազմում է 200-300մմ, բարձրադիր շրջաններում 350-600մմ: Ամենաչոր ամիսը օգոստոսն է` 4-10մմ: Տարվա ընթացքում դիտվում է տեղումների երկու մաքսիմում: Առաջինը` մայիսին, երկրորդը` նոյեմբերին: Չնայած Արարատի մարզը չոր շրջան է, սակայն դիտվում են նաև հորդառատ տեղումներ, որոնց քանակը գերազանցում է ամսական նորման:
Մարզում դիտվում է քամիների լեռնահովտային շրջանառություն, լավ արտահայտված է քամու ուղղությունների օրական ընթացքը: Լեռնահովտային շրջանառությունը ուժեղանում է ամռանը: Քամու միջին տարեկան արագությունը կազմում է 1-2մ/վ, առավելագույն արագությունը հասնում է 18-22մ/վ, լեռնային շրջաններում մինչև 35մ/վ, իսկ պոռթկումը` 40մ/վ:
Մառախուղները դիտվում են հիմնականում տարվա ցուրտ կեսին: Ցածրադիր շրջաններում մառախլապատ օրերի թիվը կազմում է 10-20 օր, բարձրադիր շրջաններում` 71 օր, իսկ առավելագույնը համապատասխանաբար 44 օր և 124 օր (Անանուն լեռնանցք):
Ամպրոպով օրերի թիվը տարեկան կազմում է 34-46 օր, սակայն առավելագույնը կարող է հասնել մինչև 70 օր:
Արմավիրի մարզը գտնվում է Արարատյան դաշտի արևմտյան մասում, ընդգրկում է Արագածի նախալեռնային հատվածը, Քասաղ և Հրազդան գետերի ավազանների ստորին մասը, Սևջուր գետի հովիտը, Ախուրյան և Արաքս գետերի ձախափնյա տարածքի մի մասը: Տեղանքի մակերևույթը տափարակ է, Արաքս գետի ուղղությամբ այն հավասարաչափ իջնում է կիլոմետրում մոտ 1.8մ, ծովի մակերևույթից բարձր է 800-1000մ` ընդգրկելով նաև շրջակա նախալեռները` մինչև 1200մ:
Օդի տարեկան միջին ջերմաստիճանը 11-13°С է: Հունվար ամսվա միջինը -3…-5°С է, սակայն դիտվում են նաև սառնամանիքային եղանակներ մինչև -31°С (Արմավիր, Մերձավան): Ցուրտ ժամանակաշրջանը տևում է դեկտեմբերի սկզբից մինչև փետրվարի վերջը: Անսառնամանիք ժամանակաշրջանը միջինում կազմում է 204 օր: Սակայն, երբ սկսվում է վեգետացիան, երբեմն լինում են ցրտահարություններ, որոնք սկսվում են սեպտեմբերի կեսերից, վերջանում են մայիսի սկիզբ: Ձնածածկույթով օրերի թիվը կազմում է 40 օր, առավելագույնը` 126 օր, բայց կայուն ձնածածկույթ (30 օր և ավելի) գոյանում է երկու տարին մեկ անգամ, սովորաբար դեկտեմբերի 25-ից և վերանում է փետրվարի 22-ին: Ջեռուցման ժամանակաշրջանը (8°С-ից ցածր) տևում է նոյեմբերի 6-ից մինչև մարտի 29-ը (145 օր): Մարզում արևափայլի տևողությունը կազմում է 2578 ժամ:
Ամռանը գերակշռում են չոր, շոգ և պարզ եղանակները: Առավել տաք են հուլիս-օգոստոս ամիսները, միջին ջերմաստիճանը 24-26°С է, իսկ շոգերը հասնում են մինչև 40-41°С (Արմավիր, Մերձավան): Արաքս գետի մերձակա շրջանները բավական չորային են, տեղումների քանակը կազմում է 160-210մմ, իսկ բարձրադիր շրջաններում` 260-300մմ: Ամենաչոր ամիսը օգոստոսն է` 6-10մմ, հարաբերական խոնավությունը` 43-50%: Չնայած Արմավիրի մարզը չոր շրջան է, սակայն դիտվում են նաև հորդառատ անձրևներ, երբ տեղումների օրական առավելագույն քանակը գերազանցում է ամսական նորման:
Մարզում դիտվում է քամիների լեռնա-հովտային շրջանառություն: Քամու միջին տարեկան արագությունը կազմում է 1-3մ/վ, առավելագույնը` 24-30մ/վ, իսկ պոռթկումը հասնում է մինչև 36մ/վ: Ձմռանը գերակշռում են անդորրային եղանակներ:
Ըստ ընդհանուր ամպամածության այն կազմում է տարեկան 92 օր, առավելագույնը դիտվում է Այղր լճում` 113 օր, ամպամած օրերի թիվը կազմում է 79 օր, առավելագույնը` 90 օր:
Մառախուղներ հիմնականում դիտվում են տարվա ցուրտ ժամանակաշրջանում: Մառախլապատ օրերի թիվը միջինում կազմում է 11 օր (առավելագույնը 38 օր):
Ամպրոպները և կարկուտները ավելի շատ դիտվում են գարնանը: Ամպրոպով օրերի թիվը միջինում տարվա մեջ կազմում է 23-41 օր, առավելագույնը դիտվել է Մերձավանում` 66 օր: Հատկապես վտանգավոր է կարկտահարության երևույթը, որը մեծ վնաս է հասցնում գյուղատնտեսական կուլտուրաներին: Կարկուտով օրերի միջին թիվը կազմում է 2 օր, առավելագույնը` 7 օր (Արմավիր):
Գեղարքունիքի մարզը զբաղեցնում է Սևանա լճի ավազանի և Գետիկ գետի հովտի տարածքները: Սևանա լճի ավազանը գտնվում է Հայաստանի արևելյան մասում և իրենից ներկայացնում է մեծ տեկտոնական իջվածք, որը եզրավորվում է արևմուտքից` Գեղամա, հարավից` Վարդենիսի հրաբխային լեռնավահաններով, հյուսիս-արևելքից` Արեգունու, արևելքից` Սևանի լեռնաշղթաներով:
Օդի միջին տարեկան ջերմաստիճանը ափամերձ շրջաններում 4-6°С, միջին հուլիսյանը 15-17°С, իսկ բացարձակ առավելագույնը հասնում է 33-34°С-ի: Ամենացուրտ ամիսը հունվարն է` միջին ջերմաստիճանը -5…-6°С, Սևան և Վարդենիս քաղաքների շրջակայքում -8°С է, ընդ որում բացարձակ նվազագույնը այստեղ հասնում է -33...-38°С: Ձմեռային ռեժիմը առափնյա շրջաններում հաստատվում է նոյեմբերի վերջին (Սևան, Մարտունի), 2000 մետրից բարձր` նոյեմբերի երկրորդ տասնօրյակին, իսկ Շորժայում և Արտանիշի ծոցում` դեկտեմբերի առաջին օրերին: Համապատասխանաբար այստեղ կարճ է նաև ջեռուցման ժամանակաշրջանը` 200-210 օր, -0,1...-0,4°С միջին ջերմաստիճանով: Լեռնային շրջաններում և լեռնանցքներում ամենաերկար ջեռուցման ժամանակաշրջանը` 232-236 օր է (Սեմյոնովկա, Յանըղ): Առափնյա շրջաններում ձնածածկույթը գոյանում է նոյեմբերի 12-13-ին և վերանում ապրիլի կեսերին: Ձնածածկույթով օրերի թիվը ափամերձ շրջաններում տատանվում է 75-ից (Շորժա) մինչև 140 օր (Սևան), լեռնանցքներում` 160 օր: Ձնածածկույթի առավելագույն տասնօրյակային բարձրությունների միջինը կազմում է 13-20սմ, լեռնանցքներում` 55-65սմ, իսկ Արեգունու ափին` ընդամենը 6-7սմ: Առանձին տարիներին ձնածածկույթի բարձրությունը երկու-երեք անգամ գերազանցում է նորման:
Հարաբերական խոնավությունը ամենից ցածրն է սեպտեմբերին` 60-65%, իսկ առավելագույնը դիտվում է փետրվարին` 69-77%: Ցերեկային ժամերին խոնավությունը նվազում է մինչև 40-50%, իսկ վաղ առավոտյան այն առավելագույնն է: Չոր օրերի թիվը (30%-ից ոչ բարձր հարաբերական խոնավությամբ) Արեգունու ափամերձ շրջանում ամենամեծն է` տարեկան 31 օր, իսկ խոնավ օրերի թիվը (80%-ից ոչ ցածր հարաբերական խոնավությամբ)` 19-20: Հարավային ափին դրանց թիվը համապատասխանաբար հասնում է 18 և 30-ի: Ամենախոնավը Սեմյոնովկայի շրջանն է, այստեղ տարեկան 137 օր խոնավությունը 80%-ից չի իջնում: Լճի ավազանի լեռնագրական առանձնահատկությունները մեծ ազդեցություն են գործում տեղումների բաշխման վրա: Ցամաքում դիտվում է միջինում 638մմ տեղումներ, ափամերձ շրջանում այդ արժեքը նվազում է մինչև 487մմ, ընդ որում հյուսիս-արևելյան և արևելյան մասերում` 440-460մմ: Սակավ են տեղումները նաև լճի հարավային ափին` 414մմ-ից (Ծովակ) մինչև 467մմ (Կարճաղբյուր): Տեղումների առավելագույն քանակը դիտվում է ավազանի հյուսիսային և արևմտյան շրջաններում` 647մմ Ծովագյուղում:
Քամու միջին տարեկան արագությունը ափամերձ շրջաններում տատանվում է 2մ/վ-ից (Գավառ) մինչև 4մ/վ (Սևան կղզի): Տարվա ցուրտ ժամանակահատվածում աճում են քամու արագությունները` հունվարին հասնելով իրենց առավելագույն արժեքին: Բացառություն է կազմում Մասրիկի շրջանը, որտեղ ամառային ամիսներին քամու արագությունը ամենամեծն է` մինչև 5մ/վ, իսկ ձմռանը այն նվազում է, միջինում կազմելով 2-2.2մ/վ:
Մթնոլորտային երևույթներից Սևանա լճի ավազանում առավել հաճախ են դիտվում ամպրոպները. տարեկան դիտվում է ամպրոպով 50-60 օր: Սևան քաղաքում և Մասրիկում նրանց տարեկան տևողությունը կազմում է 111-114 ժամ: Առանձին դեպքերում ամպրոպները ուղեկցվում են կարկուտով: Ավելի հաճախ այն դիտվում է լճի հյուսիսային շրջաններում` տարեկան 5-6 օր: Իսկ Արեգունու ափամերձ շրջաններում կարկտահարությունը շատ հազվադեպ երևույթ է` տարեկան 1-2 օր:
Լճի ավազանում դիտվող երևույթներից ուշադրության է արժանի մառախուղը, որը առավել հաճախ է դիտվում Սեմյոնովկայի շրջանում` տարին մինչև 105 օր, և շատ հազվադեպ` հարավային շրջաններում (3-5 օր): Ձմռանը լճի ավազանում դիտվում է ձնահողմ` ձմռան ընթաղքում Սևան քաղաքում և Յանըղում մինչև 26-27 օր, իսկ Շորժայում` ընդամենը 6 օր:
Գեղարքունիքի մարզին է վերաբերվում նաև Աղստև գետի վտակ Գետիկ գետի հովտի վերին գոտին: Այդ շրջանի կլիման չափավոր ցուրտ է, խոնավ լեռնա-տափաստանային լանդշաֆտով: Օդի տարեկան ջերմաստիճանը այստեղ 5°С է, ձմեռը տևում է 120-125 օր (Ճամբարակ), սակայն ձմեռային ժամանակաշրջանի ջերմաստիճանը կազմում է ընդամենը -4...-5°С, նույնիսկ բացարձակ նվազագույնը չի իջնում -28°С-ից, չնայած տեղանքի զգալի բարձրությանը: Ամառը զով է, հուլիս օգոստոս ամիսների միջին ջերմաստիճանը 14-15°С է, սակայն շոգ օրերին այն կարող է հասնել 31-32°С-ի: Անսառնամանիք ժամանակաշրջանի տևողությունը 130-140 օր է: Առաջին ցրտահարությունները դիտվում են սեպտեմբերի երրորդ տասնօրյակին, իսկ վերջինը` մայիսի կեսերին: Գետիկ գետի հովտում տեղումների տարեկան քանակը 500-600մմ է: Ընդ որում դրանց նվազագույն քանակը դիտվում է ձմռանը` մոտ 70մմ, իսկ առավելագույնը` մայիս–հունիս ամիսներին:
Երևանը՝ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը, գտնվում է Արարատյան դաշտի հյուսիս-արևելյան մասում և ունի մոտ 230կմ2 մակերես: Քաղաքի բարձրությունը ծովի մակերևույթից 865-1390մ է:
Արևափայլով օրերի թիվը Երևանում բավական մեծ է` միջինում տարեկան 325 օր, իսկ տևողությունը տարվա ընթացքում կազմում է մոտ 2600 ժամ:
Օդի տարեկան միջին ջերմաստիճանը 11.5-12.0°С է: Տարվա ամենատաք ժամանակաշրջանը հուլիս-օգոստոս ամիսներն են` միջին ամսականը 24-26°С, իսկ ամենացուրտ ամիսը հունվարն է` -3.0…-4.0°С: Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը քաղաքում դիտվել է 41.6°С, նվազագույնը` -30°С: Ջերմաստիճանի տարեկան միջին տատանումը կազմում է 28-31°С, իսկ բացարձակը` 72°С: Տեղումների տարեկան գումարը 290-350մմ է, առավելագույնը դիտվում է գարնանը (112-140մմ), որը կազմում է տարեկան տեղումների մոտ 40%: Հատկապես անձրևային է մայիսը` 40-60մմ, իսկ երկրորդ տեղումնառատ ժամանակաշրջանը հոկտեմբեր-նոյեմբերն է` 50-60մմ:
Խիստ սառնամանիքային օրեր հազվադեպ են դիտվում և կապված են սառը օդի ներխուժման հետ, որը կուտակվում է գոգավորությունում, ճառագայթարձակման հետ ավելի է սառչում և բավականին երկար պահպանում իր գոյությունը, առաջացնելով ցրտի «լիճ»: Այդ պատճառով էլ Երևանի հարավային ցածրադիր շրջաններում ձմռանը օդի միջին ջերմաստիճանը ավելի ցածր է, քան մոտակա լանջերի վրա: Այս երևույթը կոչվում է ինվերսիա: Ջեռուցման ժամանակաշրջանը Երևանում տևում է 140 օր (06.XI – 27.III), երբ օրվա օդի միջին ջերմաստիճանը 8°С-ից ցածր է:
Ապրիլի սկզբին, երբ օդի միջին օրական ջերմաստիճանը անցնում է 10°С–ից, սկսվում է բույսերի ակտիվ վեգետացիա: Այդ ժամանակ շատ վտանգավոր են ցրտահարությունները: Հուլիսը և օգոստոսը բնորոշվում են առավել շոգ և չոր եղանակներով: Միջինում մոտ 18-37 օր խոնավությունը 30%-ից ցածր է: Տեղումների քանակը չնչին է` միջին ամսականը 8-10մմ, և դիտվել են տարիներ, երբ ամսվա ընթացքում տեղումներ ընդհանրապես չեն գրանցվել:
Առաջին ցրտահարությունները հողի մակերևույթի վրա նկատվում են սովորաբար հոկտեմբերի կեսերին, իսկ օդում` 18-20 օր հետո: Որպես կանոն, ձնածածկույթ առաջանում է դեկտեմբերի կեսերին, սակայն դիտվել են տարիներ, երբ ձնածածկույթ առաջացել է նոյեմբերին և անգամ հոկտեմբերի կեսերին: Տարվա ընթացքում քաղաքում գերակշռում են հյուսիս-արևելյան և հարավ-արևմտյան ուղղության քամիներ: Քամու միջին տարեկան արագությունը բավականին փոքր է` 1.5-2.0մ/վ: Ձմռանը գերակշռում են թույլ քամիներ, իսկ ամռանը, հատկապես երեկոյան ժամերին, երբ ուժեղ արտահայտված է լեռնահովտային շրջանառությունը, միջին արագությունները հասնում են 6-8մ/վ: Տարեկան միջինում 37 օր դիտվում են ուժեղ քամիներ (15մ/վ-ից բարձր): Քամու առավելագույն արագությունը Երևանում եղել է 34մ/վ:
Լոռու մարզը գտնվում է Հայաստանի հյուսիսում և զբաղեցնում է ամենաընդարձակ բնապատմական շրջանը: Հյուսիսից մարզը շրջապատված է Վիրահայոց լեռներով, արևմուտքից՝ Ջավախքի լեռնավահանով, հարավից՝ Փամբակի լեռնաշղթայով և արևելքից՝ Գուգարաց լեռներով: Մարզի տարածքը գտնվում է ծովի մակարդակից 1600-1700մ բարձրության վրա, իսկ առավելագույն բարձրությունը 3196մ է:
Մարզում առանձնացվում են լանդշաֆտային հետևյալ ենթաշրջանները. Ջավախքի լեռնա-մարգագետնային, Լոռվա տափաստանային և մարգագետնա-տափաստանային, Վիրահայոց լեռների տափաստանային և անտառա-մարգագետնային, Փամբակ-Դեբեդի հովտա-սարավանդային անտառա-տափաստանային, Բազում-Փամբակի լեռնա-հովտային տափաստանա-մարգագետնային:
Ջավախքի լեռնա-մարգագետնային ենթաշրջանի կլիման բարեխառն է, կարճատև զով ամառներով և ցուրտ ձմեռներով: Հունվարի միջին ջերմաստիճանը կազմում է -12°С, իսկ բացարձակ նվազագույնը հասնում է -37..-38°С: Ամռանը օդի միջին ջերմաստիճանը տատանվում է 10-14 աստիճանների միջև: Տեղումները առատ են՝ տարեկան 900-1000մմ: Ձմեռը ձյունառատ է, բարձրադիր շրջաններում ձյունածածկը կարող է պահպանվել ամբողջ տարին: Լանջերը հարուստ են փարթամ մարգագետիններով: Վեգետացիան սկսվում է ապրիլի վերջին, մայիսի սկզբին և տևում 4-5 ամիս, իսկ կատարային գոտում՝ մոտ 3 ամիս: Նույնիսկ հուլիսին և օգոստոսին այստեղ գիշերները երբեմն դիտվում են բացասական ջերմաստիճաններ:
Լոռվա տափաստանային և մարգագետնա-տափաստանային ենթաշրջանը զբաղեցնում է Լոռվա գոգավորության հատակը, որն ունի 1300-1700մ միջին բարձրություն: Գոգավորության հյուսիս-արևմտյան մասը, գտնվելով Ջավախքի լեռնավահանի և Վիրահայոց լեռների միջև, ձմռանը պաշտպանված է ցուրտ օդի ներխուժումներից և շատ ավելի տաք է ձմռանը, քան նույն բարձրության վրա գտնվող շրջանները Շիրակում: Այսպես Մեծավանի ձմռան միջին ջերմաստիճանը -2.6°С է, իսկ Գյումրիում՝ -7.4°С: Լոռվա դաշտը բավականին խոնավ է, տարեկան տեղումները կազմում են 600-700մմ և ավելի: Ձմեռը երկարատև է և ձյունառատ: Բացարձակ նվազագույն ջերմաստիճանը հասնում է -34°С (Տաշիր): Ամառը զով է, հուլիս-օգոստոս ամիսներին օդի միջին ջերմաստիճանը կազմում է 21-22°С (Տաշիր), սակայն առավելագույնը կարող է հասնել 34-35°С-ի:
Ձորագետի հովիտը գրավում է Լոռու գոգավորության հարավ-արևելյան մասը՝ Ձորագետի ստորին հոսանքի շրջանը հարակից սարավանդներով: Այս ենթաշրջանի կլիման բավականին մեղմ է: Օդի ջերմաստիճանի տարեկան տատանումը կազմում է 21°С: Ամառը զով է՝ միջինում 17°С: Բացարձակ առավելագույն ջերմաստիճանները հասնում են 34-35°С: Ձմեռը մեղմ է՝ միջին ջերմաստիճանը կազմում է -2…-3 աստիճան (Ստեփանավան, Գյուլագարակ), բացարձակ նվազագույնը -28…-31°С: Ձմռան տևողությունը 3-3.5 ամիս է: Անսառնամանիք ժամանակաշրջանը տևում է 150-160 օր: Տարեկան մթնոլորտային տեղումները բավականին առատ են՝ մոտ 700մմ: Սակայն ձնածածկույթի բարձրությունը աննշան է. հունվար-փետրվար ամիսների միջին տասնօրյակայինը կազմում է 9-10սմ, իսկ առավելագույն բարձրությունը չի գերազանցում 63սմ (Ստեփանավան):
Դեբեդի ավազանի ենթաշրջանին բնորոշ է բարեխառն մեղմ ձմեռներով կլիմա: Անգամ հունվար ամսվա միջին ջերմաստիճանը 0-ից չի իջնում, իսկ Ալավերդիում 1.8-5.0°С է: Բացարձակ նվազագույնը հասնում է –17°С-ի: Ամռանը միջին ջերմաստիճանը 23°С է, իսկ առավելագույնը հասնում է 37-38°С: Այդ շրջանում օդի ջերմաստիճանի կայուն անցումը 0°С-ից ցածր չի դիտվում: Ավելի բարձր տեղանքներում (Օձուն) այդ անցումը լինում է դեկտեմբերի վերջին, իսկ 0°С-ից բարձր` փետրվարի երրորդ տասնօրյակին: Տեղումները հիմնականում դիտվում են անձրևի տեսքով, տարեկան քանակը 400-500մմ է: Տեղումների առավելագույն քանակը (110մմ) և անձրևային օրերի առավելագույն թիվը (16-20 օր) դիտվում է մայիս-հունիս ամիսներին: Ձնածածկույթը շատ անկայուն է և կազմում է աննշան շերտ` 1-3սմ:
Փամբակի հովիտի ձմեռները մեղմ են, հունվարյան միջին ջերմաստիճանը -4…-5°С է, իսկ նվազագույնը –25…-30°С: Ձնածածկույթը կայուն չէ և կազմում է աննշան շերտ: Վանաձորի շրջանում միջին տասնօրյակային բարձրությունը կազմում է 4-9սմ, առավելագույնը 24-38սմ, իսկ Լերմոնտովոյում համապատասխանաբար 16-19 և 74սմ:
Քամու ուղղությունները մարզում բնորոշվում են Փամբակ, Դեբեդ գետերի և նրանց վտակների հովիտների ուղղությամբ: Տարեկան միջին արագությունը տատանվում է 1.4մ/վ-ից (Շնող) մինչև 3.4մ/վ (Սպիտակ): Մարզի ամենաքամոտ հատվածը Պուշկինի լեռնանցքն է, որտեղ ձմեռային ամիսներին գերակշռում են հարավային, իսկ ամռանը` հյուսիսային քամիներ: Միջին տարեկան արագությունն այստեղ բավական մեծ է և կազմում է 6.3մ/վ, հունվարին հասնելով մինչև 10.3մ/վ: Առավելագույն արագությունը լեռնանցքում կազմում է 43մ/վ, իսկ պոռտքումը` 53մ/վ: Այստեղ հաճախ դիտվում է բուք` տարեկան միջինում 13 օր, իսկ առավելագույնը` 28 օր: Բուքով օրերի առավելագույն թիվը մարզի տարածքում կազմում է 30 օր (Տաշիր):
Զգալի է ամպամած օրերի թիվը: Առավելագույնը ըստ ընդհանուր ամպամածության դիտվել է Տաշիրում (տարեկան 164 օր)։
Մառախուղները առավել հաճախ դիտվում են Պուշկինի լեռնանցքում` տարեկան միջինը կազմում է 139 օր, առավելագույնը` 203 օր:
Հաճախ դիտվում են նաև ամպրոպներն: Տարեկան ամպրոպներով օրերի թիվը կազմում է 50-70 օր, իսկ առավելագույնը` 108 օր (Տաշիրում): Ամպրոպները երբեմն ուղեկցվում են կարկտահարությամբ՝ հասցնելով մեծ վնաս գյուղատնտեսությանը:
Կոտայքի մարզը ֆիզիկա-աշխարհագրական առումով գտնվում է Արարատյան գոգավորությունում: Տարածքը կարելի է բաժանել երեք ենթաշրջանների. Գեղամա լեռնավահանի արևմտյան լանջը, Կոտայք-Եղվարդի սարավանդները, Մարմարիկի հովիտը:
Գեղամա լեռնաշղթայի կատարային գոտում ձմեռը խիստ է, երկարատև (240-250 օր), կայուն ձնածածկույթով: Հունվարյան միջին ջերմաստիճանը -12.0°С-ից ցածր է, բացարձակ նվազագույնը հասնում է -35.0°С: Ամառը զով է, երբեմն ցուրտ, տևողությունը մեկ ամսից չի գերազանցում: Օգոստոս ամսվա ջերմաստիճանը մոտ 9.0°С է, բացարձակ առավելագույնը հասնում է 21.0-22.0°С: Այս գոտում տեղումները առատ են (800-900մմ), հիմնականում ձյան տեսքով:
Կոտայքի սարավանդի կլիման չափավոր տաք է, կիսաչորային: Ձմեռը ցուրտ է, բայց ոչ խիստ: Հունվարյան միջին ջերմաստիճանը Հրազդանում -8.0°С է, իսկ նվազագույնը` -32.0 °С: Հուլիս-օգոստոս ամիսների միջին ջերմաստիճանը կազմում է 17.0°С, իսկ բարձրադիր շրջաններում` 15.0°С, առավելագույնը` 35.0°С: Տեղումների քանակը 500-700մմ է:
Եղվարդի սարավանդի կլիման բարեխառն է` համեմատաբար տաք ամառով և չափավոր ցուրտ ձմեռով: Ձմռան տևողությունը 80-90 օր է: Հունվարի միջին ջերմաստիճանը Եղվարդում -5.0°С է, Ֆանտանում` -6.0°С, իսկ նվազագույնը հասնում է -23.0…-33.0°С: Կայուն ձնածածկույթը ձևավորվում է դեկտեմբերի կեսերին և վերանում է մարտ ամսին: Հուլիս-օգոստոս ամիսների ջերմաստիճանը 18.0-23.0°С է, առավելագույնը` 35.0-39.0°С: Ամռանը տեղումների քանակը սակավ է (90-130մմ), և ոռոգման կարիք է զգացվում: Առավել շատ տեղումներ դիտվում են ապրիլ-մայիս ամիսներին (120-190մմ):
Արզնիում միջին տարեկան ջերմաստիճանը 10.0°С է, տեղումների քանակը` 475մմ: Այս շրջանը հայտնի է իր ստորերկրյա աղբյուրներով, որոնք ունեն բուժիչ ազդեցություն:
Մարմարիկի հովտում կլիման բարեխառն է և խոնավ: Միջին տարեկան ջերմաստիճանը Հանքավանում 4.1°С է, տեղումների քանակը` 823մմ:
Կոտայքի մարզում շատ լավ արտահայտած է լեռնահովտային շրջանառությունը: Ձմռանը ձյան ծածկույթի առկայության ժամանակ առաջանում են բուքեր, ամսվա ընթացքում միջինում 1-2 օր, իսկ ձմռան ընթացքում` 2-7 օր:
Տարվա ցուրտ ժամանակաշրջանին բնորոշ են մառախլապատ եղանակներ, միջինում 12-ից (Եղվարդ) 24 օր (Ֆանտան): Մառախուղների տևողությունը տարվա մեջ միջինում կազմում է 60-150 ժամ:
Տարվա տաք ժամանակաշրջանում դիտվում են ամպրոպներ: Ամպրոպով օրերի թիվը կազմում է միջինում 36-46 օր, իսկ առանձին տարիներին կարող է հասնել 70-80 օր:
Շիրակի մարզը գտնվում է Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևմուտքում: Այն ընդգրկում է Ախուրյան գետի ավազանի ձախափնյա սահմանները, իսկ վերին հոսանքում նաև նրա աջափնյա մի հատվածը: Հյուսիսում մարզը սահմանակցում է Վրաստանին, արևմուտքում՝ Թուրքիային: Հանրապետության ներքո այն պայմանականորեն սահմանակցում է արևելքում՝ Լոռու, իսկ հարավում՝ Արագածոտնի մարզերին:
Շիրակի մարզի կլիման ընդհանուր առմամբ բարեխառն է: Մարզի տարածքի միջին տարեկան օդի ջերմաստիճանը մոտ 5°С է, հունվարի միջինը –9°С է, իսկ հուլիս-օգոստոսին՝ 16-17°С: Մարզում ամբողջ տարվա ընթացքում դիտվող տեղումների քանակը կազմում է միջինում 555մմ: Նրանց առավելագույն քանակը մայիսին է՝ 97մմ: Երկրորդ մաքսիմումը՝ 43մմ, դիտվում է հոկտեմբերին: Ամենաչոր ամիսը սեպտեմբերն է՝ 31մմ:
Ուղղաձիգ գոտիականության շնորհիվ մարզում կարելի է առանձնացնել կլիմայի չորս տիպեր՝
Կլիմայի առաջին տեսակը բնորոշ է մարզի հարավային և հարավ-արևելյան շրջաններին: Միջին տարեկան ջերմաստիճանը այստեղ կազմում է 6.0-6.5°С: Ամենաշոգ ամիսը օգոստոսն է, որի միջին ամսական ջերմաստիճանը 20-21°С է: Բացարձակ առավելագույնը հասնում է 35-36°С-ի: Ամենացուրտը հունվարն է՝ -6…-7°С միջին ջերմաստիճանով: Բացարձակ նվազագույնը հասնում է -26…-27°С-ի: Տեղումների տարեկան գումարը կազմում է 400-450մմ: Առավելագույն նրանց քանակը դիտվում է մայիսին՝ 60-75մմ: Երկրորդ մաքսիմումը ընկնում է հոկտեմբերին՝ 30-40մմ: Տեղումների նվազագույն քանակը դիտվում է հունվարին՝ 10-12մմ: Տարվա տաք ժամանակահատվածում չորային ամիսը սեպտեմբերն է՝ միջինում 18-20մմ: Ձնածածկույթը գոյանում է նոյեմբեր ամսվա սկզբին և պահպանվում մինչև մարտի վերջը: Ձմեռների 15-20%-ում կայուն ձնածածկույթը բացակայում է: Ձմռանը գերակշռում է անդորրային եղանակ և բուքը հազվադեպ երևույթ է՝ միջինում 4-5 օր՝ ամբողջ ձմռան ընթացքում: Ամռանը քամու արագությունը աճում է մինչև 2.5-3.0մ/վ, հատկապես երեկոյան ժամերին մինչև 5մ/վ: Տարվա ցուրտ ժամանակահատվածում (X-III) հաճախակի են մառախուղները՝ միջինում 28-30 օր:
Կլիմայի երկրորդ տիպը բնորոշ է մարզի կենտրոնական շրջանին՝ Շիրակի դաշտին: Այստեղ միջին տարեկան ջերմաստիճանը 5-6°С է, ամենացուրտ ամիսը հունվարն է: Արթիկում, ուր ձմռանը դիտվում է ինվերսիայի երևույթ, ամսական միջին ջերմաստիճանը –7.5°С է, իսկ Գյումրիում՝ -9.5°С: Բացարձակ նվազագույնը համապատասխանաբար –26°С և -36°С է: Ամառը բավականաչափ տաք է՝ 17-19°С, առավելագույն արժեքները հասնում են մինչև 37-38°С: Տեղումների քանակը տարվա ընթացքում միջինում կազմում է 500մմ, նրանց առավելագույնը դիտվում է մայիսին՝ 70-90մմ, իսկ նվազագույնը՝ հունվարին 20-25մմ: Ամռանը տեղումների քանակը կազմում է 40-50մմ-ից ավելի: Քամու արագությունը միջինում կազմում է 1.0-1.5մ/վ: Սակայն դիտվում են նաև բուքեր մինչև 10-12 օր տևողությամբ: Քամու արագությունը ամառային ամիսներին աճում է, երեկոյան ժամերին հասնելով մինչև 4-5մ/վ-ի: Ձմռանը բավականին հաճախ են մառախուղները, իսկ ամռանը նրանք շատ հազվադեպ են:
Մարզի հյուսիսային շրջանները բնութագրվում են կլիմայի երրորդ տիպով: Այդ շրջանի միջին ջերմաստիճանը մարզում ամենացածրն է՝ 2.0°С: Հունվար և փետրվար ամիսների միջին ջերմաստիճանը –11… -12°С է, իսկ բացարձակ նվազագույնը իջնում է մինչև -31, -42°С (Պաղակնի): Այստեղ նույնիսկ ամռանը դիտվում են բացասական ջերմաստիճաններ մինչև -2… –3°С: Հուլիս և օգոստոս ամիսների միջին ջերմաստիճանը 14°С է, իսկ բացարձակ առավելագույնը հասնում է 31-33°С-ի: Մարզի այս շրջանը ամենախոնավն է: Տարվա ընթացքում տեղումների քանակը կազմում է 600-700մմ: Կայուն ձնածածկույթը պահպանվում է դեկտեմբերից մինչև ապրիլի կեսերը: Առավելագույն տասնօրյակային բարձրությունը միջինում կազմում է 60սմ, իսկ բացարձակ առավելագույնը 140սմ է: Մարզում գերակշռում են հյուսիսային ուղղությունների քամիները: Նրանց միջին տարեկան արագությունը 2-3մ/վ է: Աշոցքում քամու միջին ամսական արագությունը 3-5մ/վ է: Ձմռան ընթացքում բուքով օրերի թիվը միջինում 25 օր է, առանձին տարիներին այն հասնում է մինչև 40-45 օր: Բուքի ժամանակ քամու արագությունը դեպքերի 45%-ում կազմում է 6-9մ/վ, իսկ 5%-ում՝ մինչև 18-20մ/վ և ավելի: Ձմռանը հաճախակի են մառախուղները՝ միջինում 15 օր Պաղակնում և 30 օր Աշոցքում:
Կլիմայի չորրորդ տիպը բնորոշ է բարձրլեռնային շրջաններին (3000մ-ից բարձր): Ձմեռը այստեղ դաժան է, երկար՝ մինչև 6 ամիս տևողությամբ: Ձյունածածկը, որի բարձրությունը հասնում է 2մ և ավելի, տեղ-տեղ պահպանվում է ամբողջ տարին: Տարվա միջին ջերմաստիճանը բացասական է, իսկ ձմեռային ամիսներին այն -10°С–ից ցածր է: Գարունը ցուրտ է, խոնավ: Ամենաշոգ ամսվա ջերմաստիճանը 10°С-ից չի բարձրանում, իսկ բացարձակ առավելագույնը չի անցնում 20°С-ից: Տարեկան տեղումների քանակը 800-950մմ է: Քամու արագությունը ամբողջ տարվա ընթացքում բավականին մեծ է, միջինում 5-7մ/վ: Հաճախակի դիտվում են ուժեղ (15մ/վ-ից ավելի) քամիներ:
Սյունիքի մարզը գտնվում է Հայաստանի հարավ-արևելյան մասում: Արևմուտքում նրա սահմանը Զանգեզուրի լեռնաշղթայի ջրբաժանն է, հյուսիս-արևելքում` Արցախի լեռնավահանի կենտրոնական մասով անցնող հանրապետության սահմանը, որը հարավ-արևելքում զիգզագներով շարունակվում է մինչև Արաքս գետը, կտրելով Բարգուշարի և Մեղրու լեռնաշղթաները: Հարավում Սյունիքի ֆիզիկա-աշխարհագրական շրջանի սահմանն անցնում է Արաքս գետով:
Սյունիքի մարզում ձևավորվել են հետևյալ կլիմայական գոտիները` չոր մերձարևադարձային կլիմա, չափավոր տաք կլիմա` մեղմ ձմեռներով, բարեխառն կլիմա` մեղմ ձմեռներով, բարեխառն` ամբողջ տարին համեմատաբար խոնավ, բարեխառն կլիմա` մեղմ ամառներով և համեմատաբար ցուրտ ձմեռներով, և չափավոր ցուրտ կլիմա` կարճատև զով ամառներով և ցուրտ ձմեռներով:
Չոր մերձարևադարձային կլիման ընդգրկում է մինչև 390-700մ բարձրության տարածքները: Գոտին բնորոշ է մթնոլորտային տեղումների սակավությամբ, օդի մեծ չորությամբ և ինտենսիվ գոլորշիացմամբ: Այն գլխավորապես տարածված է Մեղրու կիրճի նախալեռներում, իսկ առանձին լեզվակներով նաև Որոտան, Գորիս, Ողջի, Ծավ, Խնձորեսկ, Քարաշեն և այլ գետերի ստորին հոսանքների շրջանում: Օդի տարեկան միջին ջերմաստիճանը 14°С է, ամենատաք ամսվա օդի միջին ջերմաստիճանը 26°С, հունվարի միջին ջերմաստիճանը` 1-2°С: Օդի բացարձակ առավելագույն ջերմաստիճանը դիտվել է 43.1 °С (Մեղրի), իսկ բացարձակ նվազագույն ջերմաստիճանը -18.0°С (Մեղրի): Անսառնամանիք ժամանակաշրջանի տևողությունը 220-252 օր է: Մթնոլորտային տեղումների միջին տարեկան քանակը տատանվում է 280-350մմ-ի սահմաններում: Ձմեռները սակավաձյուն են և մեղմ, ըստ որում հաստատուն ձնածածկույթ առաջանում է առանձին տարիներին: Առանց կայուն ձնածածկույթի ձմեռների կրկնելիությունը կազմում է 90-95%:
Քամու ուղղությունը հիմնականում որոշվում է գետերի հովիտների ուղղությամբ: Քամու միջին ամսական արագությունը կազմում է 1մ/վ, սակայն առավելագույնը հասնում է 21մ/վ:
Չափավոր տաք կլիման մեղմ ձմեռներով ձևավորվել է մինչև 1000մ բարձրությունների վրա: Օդի միջին տարեկան ջերմաստիճանը 12°С է (Կապան), ամռան ամիսներին միջին ջերմաստիճանը մոտ 24°С է, բացարձակ առավելագույն ջերմաստիճանը դիտվել է 42.4°С (Կապան), իսկ նվազագույնը ` -22.1°С (Կապան): Մթնոլորտային տեղումների տարեկան քանակը կազմում է 500-600մմ, ընդ որում առավելագույնը դիտվում է գարնանը 60-130մմ: Դիտվում են նաև տեղատարափ անձրևներ, երբ տեղումների օրական առավելագույն քանակը գերազանցում է ամսական նորման, այսպես օրինակ` Կապանում 1960թ. հուլիսի 21-ին տեղումների օրական առավելագույն քանակը կազմել է 176մմ, որը մոտ 5.5 անգամ գերազանցել է ամսական նորման:
Բարեխառն կլիման մեղմ ձմեռներով ձևավորվում է մինչև 1300մ բարձրությունների վրա: Հունվար ամսվա միջին ջերմաստիճանը տատանվում է -0 …-1°С սահմաններում, իսկ բացարձակ նավազագույնը` -18… -20°С: Հուլիս ամսվա միջին ջերմաստիճանը հասնում է 19 °С, իսկ բացարձակ առավելագույնը 35.4°С-ից չի գերազանցել: Մթնոլորտային տեղումների քանակը հասնում է մինչև 800մմ: Հաստատուն ձնածածկույթ առաջանում է ոչ ամեն տարի:
Բարեխառն ամբողջ տարին համեմատաբար խոնավ կլիման ձևավորվում է լեռնալանջերին մինչև 1500-1700մ բարձրությունների վրա, սա բավարար խոնավությամբ կլիմայի միակ տիպն է: Օդի միջին տարեկան ջերմաստիճանը կազմում է 7°С, հունվար ամսին` -4…-5°С, բացարձակ նվազագույն ջերմաստիճանը հասել է մինչև -34.4°С (Սիսիան), իսկ բացարձակ առավելագույնը 36.2°С-ից (Սիսիան) չի գերազանցել: Ձմռանը կայուն ձնածածկույթ առաջանում է ոչ ամեն տարի, իսկ առաջացման դեպքում միջին տասնօրյակային բարձրությունը կազմում է 5-6սմ, առավելագույն տասնօրյակայինը` 30-40սմ: Մթնոլորտային տեղումների տարեկան քանակը հասնում է մինչև 600մմ: Քամու միջին արագությունը 3-4մ/վ է, առավելագույնը` 18մ/վ:
Բարեխառն կլիման մեղմ ամառներով և համեմատաբար ցուրտ ձմեռներով ձևավորվում է մինչև 2200մ բարձրությունների վրա: Գերակշռում են ցուրտ եղանակներ, հունվարին օդի միջին ամսական ջերմաստիճանը հասնում է -3°С, բացարձակ նվազագույնը իջնում է մինչև -22°С (Քաջարան -21.5°С), իսկ առավելագույնը հասնում է մինչև 34°С (Քաջարան 33.6°С): Ձնածածկույթ գոյանում է մինչև 20սմ և ավելի բարձրության: Մթնոլորտային տեղումների քանակը հասնում է 750մմ-ի: Քամու միջին տարեկան արագությունը կազմում է 1-2մ/վ, սակայն առավելագույնը հասնում է 23մ/վ, իսկ պոռթկումը 32մ/վ (Քաջարան):
Չափավոր ցուրտ կլիման կարճատև զով ամառներով և ցուրտ ձմեռներով ձևավորվում է 2200-3000մ բարձրությունների վրա: Ձմեռը ցուրտ է, հունվարին օդի միջին ամսական ջերմաստիճանը -8°С (Սիսիանի լեռնանցք), բացարձակ նվազագույնը իջնում է մինչև -26°С (Սիսիանի լեռնանցք -25.9°С), հուլիս-օգոստոս ամիսներին միջին ամսական ջերմաստիճանը հասնում է 13°С, իսկ բացարձակ առավելագույնը` 31°С (Սիսիանի լեռնանցք 30.9°С): Մթնոլորտային տեղումների քանակը 750-800մմ է և ավելի: Ձնածածկույթ գոյանում է ամեն տարի, որի միջին տասնօրյակային բարձրությունը հասնում է 95-100սմ, իսկ առավելագույն տասնօրյակային բարձրությունը դիտվել է 214սմ (Սիսիանի լեռնանցք):
Վայոց ձորի մարզը ընդգրկում է Արփա գետի վերին և միջին հոսանքների ավազանները, որոնք իրենցից ներկայացնում են լայն երկար գոգհովիտ` շրջապատված Վայքի ու Զանգեզուրի լեռնաշղթաներով և Վարդենիսի ու Ղարաբաղի լեռնավահաններով: Մարզը բաց է միայն արևմուտքում, որտեղ ելք ունի դեպի Միջնարաքսյան ընդարձակ միջլեռնային գոգավորություն:
Ռելիեֆի բարձրությունների տատանումները մեծ են. ցածրադիր կետը (920մ) Արփայի հովտում է, իսկ բարձրագույն կետը (3520մ) Վարդենիսի լեռնագագաթն է: Այստեղ առանձնացվում է երեք գոտի՝ ցածրադիր (մինչև 1400մ)` կիսաանապատային և չոր անապատային լանդշաֆտներով, միջին բարձրության ( 1400 -2800մ)` լեռնային տափաստանների լանդշաֆտներով, և բարձրադիր (2800մ-ից բարձր)` ալպյան մարգագետիններով և տունդրայի լանդշաֆտներով:
Արփայի գոգհովտում մինչև 1800մ բարձրության վրա կլիման չոր ցամաքային է` չափավոր ցուրտ ձմեռներով և տաք ամառներով: Օդի միջին ջերմաստիճանը հունվարին -40C է, օգոստոսին ՝ 240C: Տեղումների տարեկան քանակը մոտ 500մմ է:
Առաջին գոտու կլիման ընդհանուր առմամբ չոր ու խիստ ցամաքային է` չափավոր ցուրտ ձմեռով և շոգ ամառով: Տարեկան օդի միջին ջերմաստիճանը կազմում է 120C, ամռան (հուլիս, օգոստոս) ամիսներին` 24-26°С, իսկ հունվարին (ամենացուրտ ամսին)` -3…-4°С: Դիտված բացարձակ առավելագույն ջերմաստիճանը 42°С է, իսկ նվազագույնը` -30°С: Ձմռան տևողությունը այդ շրջանում 2-3 ամիս է, սառնամանիքները տևում են 4-5 ամիս` նոյեմբերից մինչև ապրիլի կեսերը: Մթնոլորտային տեղումների տարեկան քանակը միջինում 500 մմ է, այն էլ թափվում է գլխավորապես անձրևների ձևով, ըստ որում առավելագույնը դիտվում է գարնանը (մայիսին 60մմ): Հորդ անձրևաջրերից հաճախ առաջանում են սելավներ: Օրական տեղումների քանակը կարող է գերազանցել ամսական նորման` հասնելով 63մմ, բայց այդպիսի անձրևները հազվադեպ են: Տարվա ընթացքում տեղումներ դիտվում են միջինում 80-95 օր: Ձմռան ընթացքում ձյան շերտի առավելագույն տասնօրյակային բարձրությունը կազմում է 58սմ (1957թ.), իսկ 1981թ. ձնածածկույթ չի առաջացել: Այս շրջանում ձնածածկույթ առաջանում է դեկտեմբերի առաջին տասնօրյակում և վերանում մատի երկրորդ տասնօրյակի վերջերին: Օդի հարաբերական խոնավությունը բավականին ցածր է, ամռան ամիսներին միջինում 42-46% է: Արենիում լինում են տարիներ, երբ ամռան ամիսներին ամեն օր դիտվում է 30% և ցածր օդի հարաբերական խոնավություն:
Լեռնանտառային գոտու (1400-2800մ) կլիման բառեխառն ցուրտ ցամաքային է համեմատաբար խոնավ ամառով: Այս գոտու տեղումների տարեկան քանակը, որոնց մի մասը կազմում են պինդ տեղումները, 600-800մմ է: Կայուն ձնածածկույթ գոյանում է նոյեմբերի վերջերին և քայքայվում ապրիլի կեսերին, ձյան շերտի միջին տասնօրյակային բարձրությունը կարող է հասնել 2մ բարձրության և ավելի: Այս գոտում օդի միջին ջերմաստիճանը հունվարին կազմում է -7…-9°С, իսկ նվազագույնը ` -30°С, հուլիս ամսվա օդի միջին ջերմաստիճանը 13-16°С է:
Լեռնատափաստանային գոտին տարածվում է մինչև 2400մ բարձրության վրա, որին բնորոշ է բարեխառն ցուրտ լեռնային կլիման` երկարաև ու ցուրտ ձմեռներով: Սառնամանիքային օրերի թիվը կազմում է 150-180 օր: Մթնոլորտային տեղումների տարեկան քանակը 600-700մմ է, որից առավելագույն քանակը բաժին է ընկնում տաք ժամանակաշրջանին: Գարնանային անձրևները հորդառատ են և ուղեկցվում են ամպրոպներով: Այստեղ ձմռանը գոյանում է կայուն ձյունածածկ` 50-70սմ բարձրությամբ, որը տևում է 4 ամիս: Առաջին ձյունը թափվում է հոկտեմբերի երկրորդ կեսին (բարձրադիր շրջաններ) կամ նոյեմբերին (ավելի ցածրադիր շրջաններ), իսկ ձնհալքը սկսվում է ապրիլին և տևում մինչև մայիսի վերջը:
Բարձր լեռնային և լեռնային գոտում` 2800մ-ից վերև, տարածվում են ալպյան մարգագետինները: Ալպյան գոտում կլիման ցուրտ է, անսառնամանիք օրերի թիվը 50-70 օրից չի անցնում: Ձմեռը սկսվում է հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերի սկզբին, հունվարին օդի միջին ջերմաստիճանը կազմում է -10…-13°С, իսկ նվազագույն ջերմաստիճանը հասնում է մինչև -39°С: Քամիների ուժգնությունը միջինում 6-7մ/վ է, հաճախ լինում են ձնաբքեր:
Մթնոլորտային տեղումները ալպյան գոտում բավական առատ են` 800-900մմ, որոնք ամռանը թափվում են հորդ անձրևների ձևով:
Վարդենիսի և Ղարաբաղի լեռնավահանների առավել բարձր շրջաններում (3400մ-ից բարձր) կլիման դաժան է, անսառնամանիք օրերի թիվը 30-ից չի անցնում: Մթնոլորտային տեղումների քանակը համեմատաբար պակաս է, քան ալպյան գոտում: Ձյունը սովորաբար հզոր շերտ է կազմում և պահպանվում է ավելի քան 6 ամիս:
Արևափայլի տևողությունը ըստ բարձրության սովորաբար աճում է, բայց Վայոց ձորում ռելիեֆի խիստ կտրտվածության պատճառով այդ օրինաչափությունը խախտված է: Նեղ գետերի հովիտներում և լեռներով պարփակված գոգավորություններում արևափայլի տևողությունը կտրուկ փոքրանում է: Ընդհանրապես մարզում արևափայլի տարեկան տևողությունը տատանվում է 2300-2600 ժամ:
Մարզին բնորոշ են լեռնահովտային քամիներ, որոնց ուղղությունը պայմանավորված է գետերի հովիտների ուղղությամբ: Քամու միջին տարեկան արագությունը մարզում 1-5մ/վ է, բայց քամու ուժգնությունը կարող է հասնել 20մ/վ և ավելի, իսկ լեռնանցքերում մինչև 35մ/վրկ, պոռթկումը կարող է լինել 40մ/վ-ից ավելի:
Վայոց ձորում ձմռանը դիտվում են մառախլապատ եղանակներ: Առավել վտանգավոր և երկարատև մառախուղները դիտվում են Որոտանի լեռնանցքում` միջինում տարին 830ժ տևողությամբ: Դիտվել են նաև տարիներ, երբ մառախուղների տևողությունը 1600ժ-ից ավել է եղել: Տարեկան դիտվում է 20-50 ամպրոպով օր, իսկ տևողությունը տարեկան կազմում է 120ժ (Եղեգնաձորի շրջան), առավելագույնը` 177ժ :
Բարձր լեռնային շրջաններում և լեռնանցքերում ձմռանը հաճախակի դիտվում է բուք տարեկան դիտվում է միջինում 17 օր, իսկ առավելագույն քանակը կազմում է 40 օր:
Տավուշի մարզը ընդգրկում է Գուգարաց լեռների ջրբաժան կատարից արևելք ընկած ամբողջ տարածությունը: Հյուսիսում մարզը սահմանակից է Վրաստանին, իսկ հանրապետության ներքո պայմանականորեն սահմանակցում է Գեղարքունիքի, Կոտայքի և Լոռու մարզերին:
Տավուշի մարզում առանձնացվում են հետևյալ լանդշաֆտային ենթաշրջանները` հյուսիսային ցածրադիր և ալիքավոր ռելիեֆով, ենթաանտառային տափաստանների, հարավային լեռնանտառային և հովտային։
Հյուսիսային ենթաշրջանում ձմեռը տաք է և սակավաձյուն, հաճախ ձյուն բոլորովին չի տեղում։ Մեծ տոկոս են կազմում քիչ ամպամած օրերը, որի պատճառը լեռնային հարավից եկող օդի վարընթաց ֆիոնատիպ հոսանքներն են: Հունվար ամսվա օդի միջին ջերմաստիճանը 0.0-0.3°С է, բայց երբեմն ցերեկային ժամերին այն բարձրանում է մինչև 210C: Ամառները բավական շոգ են, հուլիսյան միջին ջերմաստիճանը 21-23°С է, բացարձակ առավելագույնը հասնում է 42°С: Թեպետ տարվա մեջ տեղումները զգալի քանակություն են կազմում (500-600մմ), սակայն հուլիս-օգոստոս ամիսներին այն նվազում է հասնելով ամսական 30-40մմ:
Հարավային ենթաշրջանը տարածվում է 1200-ից մինչև 2000մ բարձրությունները և ընդգրկում է բնա-տերիտորիալ երկու խոշոր կոմպլեքսներ` լեռնանտառային և գոգհովտային: Լեռնաանտառային հատվածում կլիմայական պայմաններն ավելի մեղմ են, օդի տարեկան ջերմատիճանը ստորին սահմանի մոտ 11°С է, վերին սահմանում 3-4°С: Ձմռանը, չնայած տեղի բարձրությանը, ցրտերը լինում են չափավոր` հունվարյան միջին ջերմաստիճանը կազմում է -1.0 +0.6°С: Ամառները զով են (հուլիսյան միջինը 18-21°С), երբեմն շոգ` 35-38°С: Անսառնամանիք ժամանակաշրջանի տևողությունը 176-230 օր է։ Մթնոլորտային տեղումների տարեկան քանակը 400-600մմ է և մոտավորապես նույնքան էլ կազմում է տարածքի գոլորշունակությունը: Սակայն գարնանը օդի դեռևս ցածր ջերմաստիճանի պատճառով (ապրիլը 2-3°С-ով ցուրտ է հոկտեմբերից) գոլորշիացումը նվազ է և հոսքի գործակիցը շատ բարձ` մանավանդ մեծ թեքություն ունեցող գետավազաններում: Դրա հետևանքով այս հատվածում սովորական երևույթ են ուժգին հեղեղումները և սելավները: Ենթաշրջանի այս հատվածներում անտառի գերակշռող տեսակը հաճարկուտներն են:
Վերին անտառային գոտում` 1750-ից 2100-2200մ բարձրություններում ջերմաստիճանը ցածր է, խոնավությունը` մշտապես բարձր:
Դիլիջանի գոգավորությունում, որն Աղստևի հովտի ընդլայնված մասերից է, կլիման մեղմ է, լեռնա-անտառային բնույթի և շատ առողջարար: Օդի տարեկան միջին ջերմաստիճանը 8.2-8.5°С է: Ձմեռը մեղմ է, հունվարյան միջին ջերմաստիճանը –1.7°С է: Բացարձակ նվազագույն ջերմաստիճանը հազվադեպ իջնում է մինչև -23°С: Ձմեռները սովորաբար անձյուն կամ սակավաձյուն են, առանց կայուն ձնածածկույթի: Առավել տաք ամիսներն են հուլիսը և օգոստոսը, երբ միջին ամսական ջերմաստիճանը կազմում է համապատասխանաբար 18.1 և 18.2°С, իսկ բացարձակ առավելագույնը հասնում է 38°С-ի օգոստոսին:
Իջևանի գոգհովիտն Աղստևի հովտի միջին մասն է: Գոգհովիտն ունի բարեխառն, չափավոր տաք կլիմա, մեղմ ձմեռներով: Արևափայլի տարեկան տևողությունը կազմում է 1818 ժամ։ Օդի տարեկան միջին ջերմաստիճանը 10.8°С է: Հունվար ամսվա միջինը 0.6°С է, բայց կարող են դիտվել սառնամանիքներ մինչև -19°С: Սառնամանիքներն այստեղ երբեմն սկսվում են հոկտեմբերի առաջին տասնօրյակից, վերջանում են մայիսի առաջին կեսին: Սովորաբար ցուրտ ժամանակաշրջանը տևում է դեկտեմբերի սկզբից մինչև փետրվարի վերջերը: Անսառնամանիք ժամանակաշրջանը` 224 օր է, առավելագույնը` 268 օր: Թեպետ ձյուն տեղում է ամեն տարի, բայց կայուն ձնածածկույթ հազվադեպ է գոյանում: Հովտի հյուսիսային մասում ձյան տեղումները նույնպես հազվադեպ են։
Իջևանում ամենատաք ամսվա` օգոստոսի միջին ջերմաստիճանը 21°С է, իսկ շառավելագույնը՝ 39°С: Տեղումների տարեկան քանակը 600մմ է, առավել անձրևոտ է գարունը և ամռան սկիզբը. ապրիլ-հունիս ամիսներին դիտվում է տարեկան տեղումների 50-55%: Տարեկան գոլորշունակությունը, 800մմ և ավելի, գերազանցում է տեղումների քանակը, ուստի և ոռոգման կարիքը մեծ է,
Զգալի է ամպամած օրերի թիվը։ Ըստ ընդհանուր ամպամածության այն կազմում է տարեկան մոտ 110 օր, առավելագույնը դիտվում է Դիլիջանում՝ 119 օր։ Առավելագույն ընդհանուր ամպամածությունը նույնպես դիտվել է Դիլիջանում՝ 6,0 բալ։
Մառախուղներ հիմնականում դիտվում են տարվա ցուրտ ժամանակաշրջանում։ Մառախլապատ օրերի թիվը հյուսիսում կազմում է միջինում 42 օր, (առավելագույնը 79 օր), իսկ հարավում 13-29 օր։
Կարկտահարություն մարզում հազվադեպ է դիտվում՝ միջինում 2-4 օր։ Առավել հաճախ կարկուտ է տեղում Դիլիջանում՝ 17 օր։ Ամպրոպով օրերի թիվը միջինում կազմում է 20-40 օր, առավելագույնը դիտվել է Իջևանում` 79 օր: