AM RU EN

ԼՈՒՐԵՐ

«Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև հայտագրերի փոխանակման ձևով «Տնտեսական և սոցիալական զարգացում» դրամաշնորհի տրամադրման համաձայնագիր» կնքվեց

29/09/2025

Ս/թ սեպտեմբերի 29-ին  Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը և Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական կնքեցին «Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև հայտագրերի փոխանակման ձևով «Տնտեսական և սոցիալական զարգացում» դրամաշնորհի տրամադրման համաձայնագիրը»։
Համաձայնագրով Ճապոնիայի կառավարությունը Հայաստանին տրամադրում է շուրջ 1.7 մլն. ԱՄՆ դոլար, որը կուղղվի ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող օդի որակի մոնիթորինգի կայանների արդիականացման և սարքավորումների ձեռքբերման համար։
Այս քայլը հնարավորություն կտա շարունակական և համակարգված ձևով զարգացնել օդի աղտոտվածության մոնիթորինգի համակարգը, բարձրացնել տվյալների որակի վերահսկողությունը, ամրապնդել կանխատեսումների հուսալիությունը և ապահովել առողջ ու կայուն միջավայրի ձևավորումը։
Նախարար Համբարձում Մաթևոսյանը վստահեցրեց, որ համագործակցությունը կնպաստի ինչպես շրջակա միջավայրի պահպանությանը, այնպես էլ կլիմայի փոփոխության հետևանքների մեղմմանը, կայուն քաղաքների զարգացմանը և քաղաքացիների առողջության պահպանությանը։
Նա հավելեց, որ պետական ֆինանսավորմամբ 2024 թվականին արդեն ձեռք են բերվել երկու ժամանակակից ռեֆերենս դիտակայան, և Ճապոնիայի կառավարության այս դրամաշնորհը կարևոր շարունակություն է նախարարության կողմից իրականացվող բարեփոխումներին։