AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Նոյեմբերի 10-ին ՇՄՆ «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի Օրհուս կենտրոնը նախաձեռնել էր մասնագիտական քննարկում Երևանում բարեկարգումների և կանաչ ֆոնդի պահպանության հարցերի շուրջ

15/11/2022

Քննարկմանը մասնակցում էին «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի, Երևանի վարչական շրջանների, Հայաստանի Ագրարային համալսարանի «Անտառագիտություն և ագրոէկոլոգիա» ամբիոնի, ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի, Շրջակա միջավայրի նախարարության, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մասնագետներ և ոլորտի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Հանդիպման նպատակն էր Երևան քաղաքի կանաչ տարածքների պահպանությանն և խնամքին ուղղված աշխատանքների վերաբերյալ մասնագիտական կարծիքների փոխանակումը, ինչպես նաև քաղաքային կանաչ ֆոնդի կրճատման, էկոլոգիական խնդիրների, դրանց կանխարգելման և հետևանքների վերացման հնարավորությունների քննարկումը։
Ի թիվս այլ կարևոր հարցերի, քննարկվեցին էտի կանոնները, ապօրինի ծառահատումները, օրենսդրական բացերը, շինարարական նորմերի չկիրառումը: Բոլոր նշված գործոնները բացասաբար են ազդում քաղաքի էկոլոգիական վիճակի և բնակիչների առողջության վրա, ուստի շատ կարևոր է տարբեր ոլորտների մասնագետների կարծիքների ու փորձի փոխանակումը:
Մասնակիցները ողջունեցին նման ձևաչափով հանդիպման կազմակերպումը, և կարևորելով այն, հույս հայտնեցին, որ նմանատիպ ձևաչափով քննարկումները կլինեն շարունակական: