AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Օրհուս կենտրոնների իրավական կարգավիճակի քննարկում Շրջակա միջավայրի նախարարությունում

17/10/2022

Հոկտեմբերի 13-ին Շրջակա միջավայրի նախարարի գլխավորությամբ տեղի ունեցավ քննարկում Օրհուս կենտրոնների իրավական կարգավիճակի և հնարավոր վերագործարկման վերաբերյալ։

Հանդիպմանը մասնակցեցին  նախարարի տեղակալներ Գայանե Գաբրիելյանը, Տիգրան Գաբրիելյանը, նախարարի իրավախորհրդատու, Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգող Մարի Չաքրյանը, ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Լևոն Ազիզյանը, նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարները, ներկայացուցիչներ Արտաքին գործերի նախարարությունից, նախկինում և ներկայումս գործող Օրհուս կենտրոնների համակարգողները և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։ 
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը կարևորեց Օրհուսի կոնվենցիան և դրանից բխող պարտավորությունների իրականացումը մեր երկրի համար, անդրադարձավ Օրհուս կենտրոնների հետագա վերագործարկմանն առնչվող ինստիտուցիոնալ հարցերին, հայտնեց բաց և  թափանցիկ աշխատելու իր  պատրաստակամությունը  ինչպես Օրհուս կենտրոնների, այնպես էլ   բնապահպանական հասարակական կազմակերպությունների հետ։
Նախարարի իրավախորհրդատու, Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգող Մարի Չաքրյանը զեկույցի տեսքով  ներկայացրեց Օրհուս կենտրոնների ստեղծման պատմությունը, դերը և  գործունեությունը։Երևանի Օրհուս կենտրոնի համակարգող Սիլվա Այվազյանը ներկայացրեց Օրհուս կենտրոնների դերը շրջակա միջավայրի պահպանությանն առնչվող հարցերում, անդրադառնալով կարևոր ձեռքբերումներին և կոնկրետ օրինակներին, որոնք դրական լուծումներ են ստացել ի շահ բնության։  

Օրհուս կենտրոնների կարևոր դերակատարության և համագործակցության  մասին արտահայտվեցին նաև Օրհուս կենտրոնների համակարգողները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։ Ներկաները կարևորեցին կենտրոնների գործունեությունը,  ներկայացնելով իրենց տեսլականը՝ Օրհուս կենտրոնները որպես համագործակցության հարթակ շահագիրգիռ բոլոր կողմերի համար։ 
Հանդիպման արդյունքում որոշվեց ձևավորել աշխատանքային խումբ, որը կզբաղվի Օրհուս կենտրոնների հետագա իրավական կարգավիճակի և հնարավոր գործարկման ինստիտոցիանալ հարցերի ձևակերպմամբ և  կարճ ժամանակահատվածում կներկայացնի նախարարին։ 
Հիշեցնենք, որ Օրհուս կենտրոններն ստեղծվել են ԵԱՀԿ (Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն) նախաձեռնությամբ և կառավարության աջակցությամբ` ՀԿ-ների ու ՏԻՄ-երի հետ համագործակցությամբ: Երևանի Օրհուս կենտրոնն առաջինն է  եղել որպես այդպիսին, որը ստեղծվել է 2002թ. Օրհուսի կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո` ԵԱՀԿ Երևանի գրասենյակի և ՀՀ Բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ:
2002-2016թթ. Հայաստանում ակտիվորեն գործել են 15 Օրհուս կենտրոններ, որոնք իրենց ցանցային ու թիմային աշխատանքի շնորհիվ շրջակա միջավայրին առնչվող խնդիրները հասու են դարձրել ՀՀ բնակչության լայն շերտերին և հարթակ են հանդիսացել շահագրգիռ բոլոր կողմերի համար: ՕԿ-ներն իրենց գործունեությամբ նպաստել են հանրության իրավագիտակցության բարձրացմանը և շրջակա միջավայրի փոփոխությունների հետ կապված հարցերի խորը ընկալմանը, քաղաքացիական պատասխանատվության մթնոլորտի ձևավորմանը, ինչպես նաև շրջակա միջավայրի ոլորտում  կառավարման բարելավմանը:
Երևանի Օրհուս կենտրոնը ստեղծված օրվանից եղել է Բնապահպանության նախարարության ներքո գործող «Տեղեկատվական վերլուծական կենտրոն», այնուհետև ՊՈԱԿ-ների միավորման գործընթացից հետո «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության» և ներկայումս «Հիդրոօդևերևութաբանության և մոնիթորիգի կենտրոն» ՊՈԱԿ-ի ՝ Տեղեկատվական վերլուծության  ծառայության կազմում։ Իսկ մարզային 14 Օրհուս կենտրոնները գործել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից ֆինանսավորվող ծրագրի ներքո։
2017թ. ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման հետ զուգընթաց դադարեցվել է մարզային Օրհուս կենտրոնների ծրագրի ֆինանսավորումը, որի պատճառով դադարել է  մարզային Օրհուս կենտրոնների կանոնավոր աշխատանքները։  Ներկայումս մարզային կենտրոնները գործում են կամավորական հիմունքների վրա, քանի որ այդ տեղերում դեռևս պահպանվել են մարդկային ռեսուրսները։