AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Հունիսի 20-24-ը կայացավ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության Գործադիր խորհրդի 75-րդ նստաշրջանը

29/06/2022

Նստաշրջանին առցանց ձևաչափով մասնակցում էին նաև ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լ․ Ազիզյանի գլխավրությամբ։
Հունիսի 24-ին ՀՕԿ Գործադիր խորհուրդը հավանության արժանացրեց երկու կարևոր ռազմավարական առաջարկներ՝ առաջիկա 5 տարում վաղ նախազգուշացման ծառայությունների հասանելիության ապահովում բոլորին և ջերմոցային գազերի մոնիթորինգի համակարգի ստեղծում։
Անդրադառնալով վերոնշյալ կարևոր 2 որոշումներին՝ ՀՕԿ Գլխավոր քարտուղար, պրոֆեսոր Փ․ Թաալասն իր խոսքում մասնավորապես նշեց․ «Այս կարևոր նախաձեռնությունները կամրապնդեն ՀՕԿ-ի աջակցությունը կլիմային առնչվող գործողությունների և աղետների ռիսկի նվազեցման վերաբերյալ միջազգային օրակարգին և առանցքային դեր կխաղան կլիմայի փոփոխության մեղմման վերաբերյալ իրազեկման, ինչպես նաև փոփոխվող եղանակային պայմաններին հարմարվողականության գործում։
Ջերմոցային գազերի ռեկորդային կոնցենտրացիաները նպաստում են ջերմաստիճանի բարձրացմանը և եղանակային փոփոխություններին: Վաղ նախազգուշացման ծառայությունները կենսական, ծախսարդյունավետ միջոց են կյանքը և ապրուստի միջոցները պաշտպանելու համար»։

Վաղ նախազգուշացում և վաղ գործողություններ
Գործադիր խորհրդի նստաշրջանի ընթացքում մեկ անգամ ևս կարևորվեց այն առանցքային դերը, որն ունեն Ազգային օդերևութաբանական և հիդրոլոգիական ծառայությունները՝ որպես վտանգների մասին պաշտոնապես վաղ նախազգուշացնող տեղեկատվության ապահովողներ։
Համաձայն ՀՕԿ պաշտոնական տեղեկատվության դեռևս այսօր մեծ թվով Ազգային օդերևութաբանական և հիդրոլոգիական ծառայություններ չեն կարողանում ապահովել համապատասխան վաղ նախազգուշացման ծառայություններ և փորձագիտական աջակցություն առաջին արձագանքողներին, արտակարգ իրավիճակների կառավարման մարմիններին և համայնքներին՝ ինչպես վտանգավոր իրադարձություններից առաջ, այնպես էլ դրանց ընթացքում, ինչպես նաև իրադարձություններից հետո վերականգման և վերակառուցման փուլերում։ ՀՕԿ անդամների միայն 40 %-ն ունի աղետների վաղ նախազգուշացման համակարգեր, այդ թվում աֆրիկյան անդամների միայն 30 %-ը, իսկ քիչ զարգացած երկրներում՝ 23 %-ը։ Ինտեգրված մոնիթորինգ Առաջարկվող Գլոբալ ջերմոցային գազերի/Ածխածնի բյուջեի մոնիթորինգի համակարգը կսահմանի միջազգայնորեն համակարգված մոտեցում ցանցի նախագծման, շահագործման և դիտարկումների օգտագործման համար: Այն «Global Atmosphere Watch»-ի և «The Integrated Global Greenhouse Gas Information System»-ի հովանու ներքո ընդլայնելու և համախմբելու է ՀՕԿ-ի երկարամյա գործունեությունը ջերմոցային գազերի մոնիթորինգի ոլորտում:
Նստաշրջանի ընթացում նշվեց, որ մի քանի երկրներ և միջազգային կազմակերպություններ արդեն իսկ ներդրումներ են կատարում ածխածնի մոնիթորինգի իրկանացման գործում: Ինտեգրված կառուցվածքը կներառի առկա մոնիթորինգի և տվյալների ստացման հնարավորությունները տիեզերքի և մակերևույթի վրա հիմնված դիտակետերից և թույլ կտա տվյալների փոխլրացման միջոցով հասնելու ընդհանուր առավելագույն ազդեցության: Սա մեծ բաց կլրացնի, քանի որ ներկայումս չկա մակերևույթի և տիեզերքի ջերմոցային գազերի դիտարկումների համապարփակ և պարբերական միջազգային փոխանակում:
Երկարաժամկետ նպատակներ Գործադիր խորհրդի անդամները քննարկեցին նաև, թե ինչպես կարելի է հետագայում զարգացնել Կլիմայական ծառայությունների գլոբալ շրջանակը, ինչպես նաև ՀՕԿ հետազոտական և գիտական տեսլականը:
Նստաշրջանի ընթացքում հավանության արժանացավ նաև ՀՕԿ-ի «Կրթության և վերապատրաստման համագործակցության գործընկերներ (CONET)» կոնսորցիումի ստեղծման գաղափարը, որը միտված է ընդլայնելու կրթական և վերապատրաստումներ իրականացնող հաստատությունների ներգրավվածությունը ՀՕԿ կրթական գործունեության մեջ։