AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Հերթական աշխատանքային հանդիպում «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում

24/05/2022

Մայիսի 23-ին Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ հերթական աշխատանքային հանդիպումը՝ Եվրասիական տնտեսական միության և Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների ռադիոլոկացիոն օդերևութաբանական տվյալների միասնական տեղեկատվական դաշտի ստեղծման /REANET/ նախագծի իրականացման հարցերի վերաբերյալ։  
Հանդիպմանը մասնակցում էին «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանը, ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Ա․ Դոնչենկոն, «Ալմազ» գիտաարտադրական միավորման արտաքին տնտեսական գործունեության տնօրեն Ալեքսանդր Պոնոմարենկոն, «Вея инвест» ՍՊԸ ռուսական ընկերության տնօրեն Նարեկ Հայթայանը, ինչպես նաև աշխատակիցներ «ՀՄԿ» ՊՈԱԿ-ից և ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցչությունից։  
Հանդիպման ընթացքում քննարկվեցին REANET նախագծի իրականացման հարցերը, ինչը ենթադրում է ԵԱՏՄ և ԱՊՀ երկրների ազգային օդերևութաբանական տվյալների միավորում, մասնակից երկրների տնտեսական, տրանսպորտային և բնապահպանական նախագծերի զարգացման նպատակով եղանակային պայմանների շարունակական մոնիթորինգի միասնական համակարգի ստեղծում, իրական ժամանակում կլիմայի փոփոխության մասին տեղեկատվության փոխադարձ հասանելիության կազմակերպում: Բացի այդ, նախագծի կարևոր նպատակն է ապահովել վտանգավոր օդերևութաբանական երևույթների (կարկուտ, ամպրոպ, տեղատարափ անձրևներ, ջրհեղեղներ, հեղեղումներ, նստվածքներ, սողանքներ, ձնահոսքեր, երաշտ, անտառային հրդեհներ) վաղ ազդարարումը՝ դրանց օպերատիվ կանխարգելման և հնարավոր վնասը նվազագույնի հասցնելու համար: 
«ՀՄԿ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Լ․ Ազիզյանը վերահաստատեց նախագծին մասնակցության հետաքրքրվածությունը և տեղեկացրեց, որ ներկայումս աշխատանքներ են տարվում REANET նախագծի ֆինանսավորման համար արտաքին աղբյուրների որոնման մասով։ «Вея инвест» ՍՊԸ տնօրեն Նարեկ Հայթայանը նշեց, որ ընկերությունը պատրաստ է ուսումնասիրել նախագծի իրականացմանը մասնակցելու, անհրաժեշտության դեպքում մասնավոր հատվածից ներդրումներ ներգրավելու հնարավորությունը։

«Ալմազ» գիտաարտադրական միավորման արտաքին տնտեսական գործունեության տնօրեն Ա. Պոնոմարենկոն ներկայացրեց իրենց գործընկեր «ЦНТИ «Элерон»» ՍՊԸ-ի հետ համատեղ արտադրվող սարքավորումները, որոնք նախատեսված են ջրային հոսքի մակերեսի անհարթությունները և արագությունը չափելու համար: Սարքավորումների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը կփոխանցվի «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի մասնագետներին։  
Ա․ Պոնոմարենկոն հայ գործընկերներին հրավիրեց այցելելու «Ալմազ» գիտաարտադրական միավորման գրասենյակ, ինչպես նաև գործարան՝ արտադրական հզորություններին և սարքավորումներին տեղում ծանոթանալու համար: Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագա փոխգործակցության, ինչպես նաև ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության, էկոնոմիկայի նախարարության և Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության ներկայացուցիչների մասնակցությամբ բանակցություններ անցկացնելու վերաբերյալ: