AM RU EN

ԼՈՒՐԵՐ

«Օզոնային շերտի վերականգնում և կլիմայի փոփոխության նվազեցում»․ այս կարգախոսի ներքո այսօր նշվում է օզոնային շերտի պահպանության միջազգային օրը

18/09/2023

«Օզոնային շերտի վերականգնում և կլիմայի փոփոխության նվազեցում»․ այս կարգախոսի ներքո այսօր նշվում է օզոնային շերտի պահպանության միջազգային օրը։
2023թ.-ի Օզոնի համաշխարհային օրը մենք նշանավորում ենք Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին Մոնրեալի արձանագրության ձեռքբերումները՝ օզոնային շերտը վերականգնելու և կլիմայի փոփոխությունը նվազեցնելու գործում:
Մոնրեալի արձանագրության գիտական խմբի գնահատման վերջին թարմացված տեղեկատվությունը հաստատում է, որ օզոնային շերտի վերականգնումն ընթանում է իր հունով, և ակնկալվում է, որ օզոնի մակարդակը Անտարկտիկայում կվերադառնա 1980թ.-ի մակարդակին մինչև 2066թ.-ը։


Արձանագրությունն արգելելով օզոնաքայքայիչ նյութերի կիրառությունը և թույլ տալով, որ օզոնային շերտը դանդաղորեն վերականգնվի՝ պաշտպանում է միլիոնավոր մարդկանց մաշկի քաղցկեղից և աչքի կատարակտից, պաշտպանում է էկոհամակարգերը և դանդաղեցնում կլիմայի փոփոխությունը, քանի որ օզոնաքայքայիչ շատ նյութեր հանդիսանում են նաև կլիմայի փոփոխությանը նպաստող գազեր:
1985թ. գիտակցելով օզոնային շերտի վիճակի փոփոխությունների պոտենցիալ կործանարար ազդեցությունը մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա՝ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ազգերը համաձայնության եկան այն գաղափարի շուրջ, որ անհրաժեշտ է ձեռնարկել պատշաճ միջոցներ, որպեսզի պաշտպանեն մարդու առողջությունը և շրջակա միջավայրը անբարենպաստ հետևանքներից, որոնք օզոնային շերտի վիճակը փոփոխող կամ փոփոխելու ունակ մարդկային գործունեության արդյունք են: Սրանով սկիզբ դրվեց օզոնային շերտի պահպանության մասին կոնվենցիայի ծագմանը: Նկատի ունենալով դրա կարևորությունը 1987թ․ սեպտեմբերի 16-ին ստորագրվեց օզոնային շերտը քայքայող նյութերի մասին Մոնրեալի արձանագրությունը՝ արգելելով օզոնը քայքայող նյութերի արտադրությունը և կիրառությունը։
Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է օզոնային շերտի պահպանության մասին Վիեննայի կոնվենցիան և օզոնային շերտը քայքայող նյութերի մասին Մոնրեալի արձանագրությունը 1999թ. ապրիլի 28-ին։
Հայաստանում օզոնոմետրական դիտարկումներն իրականացվում են Ամբերդ դժվարամատչելի օդերևութաբանական կայանում ՀՕԿ-ի աջակցությամբ Գերմանիայի օդերևութաբանական ծառայության կողմից Հայաստանին հատկացված բարձրակարգ Դոբսոնի D-044 սպեկտրոֆոտոմետրով` օրվա ցերեկային ժամերին պարզ երկնքի դեպքում` 2-6 անգամ: Ամբերդ օդերևութաբանական կայանից ստացված դիտանյութերի արդյունքները սահմանված կարգով մշակվում և ուղարկվում են ՀՕԿ-ի Օզոնային և ուլտրամանուշակագույն ճառագայթման տվյալների համաշխարհային կենտրոն (WOUDC-Տորոնտո, Կանադա):
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կատարվում է Հայաստանի մարզերի ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսների տվյալ և հաջորդ օրերի համար հաշվարկ-կանխատեսումներ և տվյալները տրամադրվում է Օզոնի ազգային կենտրոն։ Կանխատեսման համար օգտագործվում են Կանադայի շրջակա միջավայրի արբանյակային օզոնի ընդհանուր պարունակության Երկրագնդի հյուսիսային կիսագնդի հաշվարկային քարտեզագրված տվյալները, պարզ երկնքի դեպքում, որոնք ենթարկվում են հետագա մշակման՝ հաշվի առնելով ընդհանուր ամպամածության կանխատեսումները և պայմանական հաստատուն բնութագրիչները՝ տեղանքի բարձրություն, հորիզոնի փակվածություն՝ ըստ մարզերի։