AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Օդերևութաբանության համաշխարհային օրվան և Հայաստանի Հանրապետությունում անտառագետի, ջրաբանի և օդերևութաբանի օրերին նվիրված միջոցառումների շրջանակներում Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ոլորտի վերաբե

22/03/2022

«ՀՀ անտառները, անտառօգտագործման տեսակները, անտառների մոնիթորինգ» թեմայով դասախոսություն ներկայացրեց «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Անտառների և կենսաբազմազանության մոնիթորինգի ծառայության պետ Ատոմ Գրիգորյանը։ Դասախոսությանը ներկա էր նաև «Անտառագիտություն և ագրոէկոլոգիա» ամբիոնի վարիչ, դոցենտ Մարինե Մարկոսյանը և ներկայացուցիչներ ամբիոնի դասախոսական կազմից։
Իր խոսքի սկզբում Ատոմ Գրիգորյանը ներկայացրեց անտառների էկոլոգիական, սոցիալական և տնտեսական նշանակությունը, անտառային, անտառածածկ և ոչ անտառածածկ հողերի, Հայաստանի տարածքում անտառների տեղաբաշխվածությունը, ինչպես նաև անտառներում աճող ծառատեսակների, անտառօգտագործման և անտառներին առնչվող այլ կարևոր գործառույթներ։ 
Ուսանողներին ներկայացվեց ՀՀ անտառկազմող հիմնական տեսակները՝ կաղնին, հաճարենին, բոխին և սոճին, ինչպես նաև ուղեկցող կամ ընդարձակ տարածքներ զբաղեցնող տեսակներ հանդես եկող հացենին, կեչին, լորենին, թխկին և այլն։ 
 
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև անտառների մոնիթորինգի ընդհանուր գործառույթներին, հատկապես՝ անտառպահպանությանը, անտառվերականգնմանը, անտառօգտագործմանը և փայտանյութի շուկայի օգտագործմանը։ Կարևորելով բնակչության դերը անտառի պահպանության և պաշտպանության գործում՝ մասնագետը անտառային մոնիթորինգի տվյալների հիման վրա ներկայացրեց անտառային օրենսդրության խախտման առավել տարածված դեպքերը, որոնցից են՝ անտառներում և անտառային հողերում ծառեր, թփեր հատելն ու արմատախիլ անելը, հրկիզման կամ կրակի հետ անփույթ վարվելու հետևանքով անտառը վնասելը կամ ոչնչացնելը, քամատապալ, ձյունակոտոր, արմատից հատված ծառերը յուրացնելը և այլն։ 
 
Օրվա թեմայի շրջանակներում մասնակիցները դիտեցին նաև «ՀՀ անտառները և գլխավոր անտառկազմող տեսակները» և «Խնամքի հատումների իրականացումը ՀՀ անտառներում» կարճ տեսաֆիլմերը։ 
Ստացած գիտելիքները ամրապնդվեցին հարցուպատասխանի և քննարկման միջոցով։ Ապագա մասնագետները ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատախանները, ինչպես նաև քննարկեցին հետագայում բնապահպանության, մասնավորապես՝ անտառպահպանության ոլորտում մասնագիտանալու և աշխատելու հնարավորությունները։