AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Այսօր աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռիանոս Մկրտչյանը տոնում է իր ծննդյան 100-րդ տարեդարձը

21/12/2021

Կենսագրություն
Մկրտչյան Ռիանոս Սեդրակի (1921թ․):
Աշխարհագրական գիտությունների դոկտոր(1988թ․), Հայկական Գյուղատնտեսական Ակադեմիայի թղթակից անդամ:
Ավարտել է Բաքվի Մանկավարժական Ինստիտուտի աշխարհագրական ֆակուլտետը:
1942-1946թթ. ծառայել է Խորհրդային բանակում, մասնակցել Հյուսիսային Կովկասի և Ուկրաինայի ազատագրման մարտերին:
Աշխատել է որպես միկրոկլիմայագիտության հիմնահարցերով գիտաշխատող հիդրոտեխնիկայի և մելիորացիայի ԳՀԻ-ում (Բաքու), ագրոօդերևութաբանական կայանի պետ, գյուղատնտեսական սպասարկման բաժնի պետ Հայկական ՀՄՎ (Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի վարչություն)-ում:
Հայկական ԽՍՀ-ի ԳԱԱ էկոնոմիկայի ինստիտուտում ասպիրանտուրան ավարտելուց հետո (1958-1962) անցել է ճանապարհ գիտաշխատողից, ՀԽՍՀ գյուղատնտեսության նախարարության խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության ԳՀԻ գիտական քարտուղարից (1960-1968թթ․) մինչև Անդրկովկասյան հիդրոօդերևութաբանական գիտահետազոտական ինստիտուտի (ԱնդՀԳՀԻ) Երևանյան բաժնի ագրոօդերևութաբանական հետազոտությունների լաբորատորիայի ղեկավար(1968-1990թթ․):
1990թ.-ից ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետի պրոֆեսոր է: Ղեկավարել է ՀԽՍՀ Աշխարհագրական Ընկերության ֆենոլոգիական հանձնաժողովի աշխատանքը (1960-1992թթ․), լեռնային երկրների ֆենոլոգիայի և բնության ռիթմիկության վերաբերյալ Առաջին Համամիութենական Խորհրդաժողովի (Երևան, 1982թ․) նախաձեռնողներից մեկն է:
Զգալի ներդրում է ունեցել լեռնային տարածքների ագրոկլիմայական ռեսուրսների ձևավորման տեսության, դրանց գնահատման մեթոդաբանության, քարտեզագրման, նոր գիտական ենթաճյուղի՝ լեռնային ագրոօդերևութաբանության ձևավորման մեջ: Առաջարկել է լեռնային շրջանների ագրոկլիմայական շրջանացման և ագրոկլիմայական տեղեկագրերի կազմման մեթոդիկա: Մշակել է լեռնային տարածքների ֆիտոֆենոլոգիական, ագրոկլիմայական և կլիմայական քարտեզագրման գիտական սկզբունքները, կազմել մի շարք ագրոկլիմայական ռեսուրսների քարտեզներ «Հայկական ԽՍՀ գյուղատնտեսության ատլաս»-ում (1984), մասնակցել է տարածքի ցրտահարությունների և սառնամանիքների վտանգավորության խոշորամասշտաբ քարտեզի կազմմանը, որոշել է Հայաստանի լեռներում ֆոտոսինթետիկ ակտիվ ճառագայթման արժեքների ձևավորման հիմնական օրինաչափությունները և հիմնավորել գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության բարձրացման և երկրորդ բերքի ստացման հնարավորությունները:
Մշակել է Հայաստանում գյուղատնտեսության վարման գոտիական համակարգերի ագրոկլիմայական հիմքերը և առաջարկել (որպես համահեղինակ) հացահատիկային, պտղատու, բանջարանոցային մշակաբույսերի, խաղողի և լեռնային խոտհարքների բերքատվության երկարաժամկետ կանխատեսման նոր մեթոդներ:
Հրատարակել է շուրջ 240 գիտական աշխատանք, այդ թվում մենագրություններ, ատլասներ, տեղեկագրեր, դասագրքեր։ Սկսած 1956թ.-ից դասախոսել է ԵՊՀ Աշխարհագրական ֆակուլտետում ագրոօդերևութաբանության և բնապահպանության թեմաներով:
Նրա ղեկավարմամբ գրվել է 8 թեկնածուական աշխատանք: 1998թ. ընտրվել է Հայագիտության ակադեմիայի ակադեմիկոս: Պարգևատրվել է «Կարմիր Աստղ» շքանշանով և «Հայրենական պատերազմի» 2-րդ աստիճանի մարտական, «Քաջության համար» և «Մարտական վաստակի համար», «Կովկասի պաշտպանության համար», 12 հոբելյանական մեդալներով և ԽՍՀՄ ԺՏՁՑ արծաթե և երկու բրոնզե մեդալներով, բազմաթիվ գերատեսչական պարգևներով:
Անվանի գիտնականը մեծ ներդրում է ունեցել աշխարհագրության բնագավառի, հատկապես օդերևութաբանության, ագրոօդերևութաբանության մասնագիտացմամբ կադրերի պատրաստման և կայացման գործում։
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգ կենտրոն» ՊՈԱԿ-ի ողջ անձնակազմը շնորհավորում է Ռիանոս Մկրտչյանին ծննդյան 100-րդ տարեդարձի կապակցությամբ, ցանկանում քաջառողջություն, երջանկություն, անսպառ ուժ և կորով, արգասաբեր գործունեություն՝ ի բարօրություն Հայաստանի և հայ ժողովրդի: