AM RU EN

ԼՈՒՐԵՐ

SYMET-14

29/11/2021

Նոյեմբերի 22-25-ն առցանց ձևաչափով կայացավ ՀՕԿ Կրթության և վերապատրաստման 14-րդ սիմպոզիումը (SYMET-14), որին մասնակցում էր նաև ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի գիտատեխնիկական համագործակցության և կարողությունների զարգացման բաժնի պետ Ն․ Ստեփանյանը։ ՀՕԿ միջազգային սիմպոզիումի այս տարվա թեման էր «Կրթությունը և վերապատրաստումը արագ փոփոխվող ժամանակաշրջանում»։ ՀՕԿ Կրթության և վերապատրաստման սիմպոզիումը (SYMET) տեղի է ունենում յուրաքանչյուր 4 տարին մեկ անգամ, որի նպատակն է աջակցել միջազգային հանրությանն օդերևութաբանական, հիդրոլոգիական կրթության և վերապատրաստման ընթացիկ մարտահրավերներին դիմակայելու համար և ուրվագծել այն մարտահրավերները, որոնք կարող են ի հայտ գալ հաջորդ 5-10 տարիների ընթացքում։ Սիմպոզիումին, որն առցանց ձևաչափով կազմակերպվել էր առաջին անգամ, մասնակցում էին 200-ից ավելի մասնագետներ՝ ՀՕԿ ադամ-երկրների կրթության և վերապատրաստումների ոլորտի պատասխանատուները, ուսումնական հաստատությունների ղեկավարներ, փորձագետներ և այլն։ SYMET-14-ի նստարջանի ընթացքում շեշտը դրված էր հետևյալի վրա՝ ինչպես պատրաստել մասնագետներ, ովքեր կարող են դիմակայել ապագայի պահանջմունքներին։ Անհրաժեշտ համարվեց կրթության նոր բովանդակության, մեթոդի, ինչպես նաև մանկավարժական մոտեցումների և կրթության նոր ձևաչափերի մշակումը, որոնք կբավարարեն նոր աշխարհի փոփոխվող և ընդլայնվող պահանջմունքներին։ Առանձին քննարկման առարկա դարձան դասավանդման այն նոր մոտեցումները, որոնք ի հայտ են եկել COVID-19 համաճարակի ընթացքում։ Սիմպոզիումի ընթացքում քննարկվեցին նաև համատեղ կրթական ծրագրերը և այն հնարավորությունները, որոնք կկրճատեն զարգացող երկրներում մարդկային ռեսուրսների մասնագիտական հիմնական բացերը, ինչպես նաև ՀՕԿ գլոբալ կամպուսի (ՀՕԿ անդամ հաստատությունների և Ազգային հիդրոօդերևութաբանական ծառայությունների համագործակցային ցանց) զարգացումը։ Սիմպոզիումի մասնակիցները մեկ անգամ ևս կարևորեցին՝

  • ՀՕԿ գլոբալ կամպուսի նախաձեռնումը՝ որպես միջազգային և տարածաշրջանային համագործակցության հզորացման մեխանիզմ, որն անհրաժեշտ է Երկրի վերաբերյալ գիտության և կանխատեսման ոլորտում մասնագետների վերապատրաստման պահանջները բավարարելու համար,
  •  համալսարանների, Ազգային հիդրոօդերևութաբանական ծառայությունների ուսումնական կենտրոնների, ՀՕԿ տարածաշրջանային ուսումնական կենտրոնների և կրթության ու կադրերի վերապատրաստման ոլորտում միջազգային գործընկերների միջև համագործակցությունը, որն ապահովում է ամուր հիմք կրթական ռեսուրսների փոխանակման և այդ ոլորտում մոտեցումների ընդլայնման համար,
  •  ընդհանուր հավատարմագրման, սերտիֆիկացման, որակի վերահսկման, գնահատման համակարգի մշակումը,
  •  ընդհանուր գործիքների և պլատֆորմի մշակումը՝ կրթության և մասանագիտական վերապատրաստման ծրագրերի մշակման, անցկացման, մոնիթորինգի և հաշվետվողականության համար։