AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Հանդիպում ՇՄՆ «ՀՄԿ» ՊՈԱԿ-ում «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» ծրագրի շրջանակում

21/10/2021

Հոկտեմբերի 20-ին ՇՄՆ «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Լևոն Ազիզյանն ընդունել է «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (EU4Sevan) ծրագրի շրջանակում իրականացված հաքաթոնի 3-րդ կարգի մրցանակին արժանացած ՊՈԱԿ-ի աշխատակիցներ Ռուզաննա Ավդալյանին, Գոռ Խաչատրյանին և ՀՀ ԿԳՄՍՆ Գիտական կոմիտեի կողմից հայտարարված Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված թեմայի ղեկավար, ՊՈԱԿ-ի աշխատակից Վարդուհի Մարգարյանին:Լևոն Ազիզյանը շնորհավորեց աշխատակիցներին նվաճումների առթիվ և մաղթեց նոր հաջողություններ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-15-ը Հայաստանի ամերիկյան համալսարանը Սևծովյան համալսարանական ցանցի 14-րդ համագումարի շրջանակներում ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (EU4Sevan) ծրագրի հետ համատեղ կազմակերպել էր բաց տվյալների հաքաթոն: Հաքաթոնի նպատակն էր պարզել Սևանա լճի ծաղկման պատճառները՝ համադրելով արբանյակային նկարները ջրի որակի երկարամյա մոնիթորինգի տվյալների հետ: ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2021 թ. հոկտեմբերի 11-ի N 1693-Ա/2 հրամանով Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի մրցույթի շրջանակներում ֆինանսավորման երաշխավորված թեմաների ցանկում է ընդգրկվել նաև ՇՄՆ «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված «Սևանա լիճ թափվող գետերի ձմեռային սակավաջուր շրջանի ջրի ծախսի բնութագրերի ջրաէկոլոգիական գնահատումը» թեման աշխ.գիտ. թեկնածու Վ. Մարգարյանի ղեկավարությամբ: Թեմայի նպատակն է հաշվարկել ձմեռային սակավաջուր շրջանի հոսքի բնութագրերը, գնահատել դրանց ջրաէկոլոգիական առանձնահատկությունները, մշակել կանխատեսման նոր մեթոդիկաներ, որն ունի կարևոր տեսական նշանակություն և գործնական կիրառում, հատկապես ջրապաշարների արդյունավետ կառավարման, էկոլոգիական թողքերի գնահատման, բնապահպանական խնդիրների լուծման, ջրատեխնիկական կառույցների նախագծման և շահագործման տեսակետներից: Թեման իրականացվելու է Մոսկվայի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետի հիդրոլոգիայի ամբիոնի վարիչ, աշխարհագրական գիտությունների դոկտոր Նատալյա Ֆրոլովայի հետ համագործակցությամբ: