AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Սնդիկի և այլ վտանգավոր նյութերի և թափոնների օրենսդրության վերլուծությանը նվիրված աշխատաժողով

18/06/2021

Հունիսի 17-ին տեղի ունեցավ Սնդիկի և այլ վտանգավոր նյութերի և թափոնների օրենսդրության վերլուծությանը նվիրված աշխատաժողովը։

Աշխատաժողովն իրականացվում էր «Ներուժի ստեղծում՝ Հայաստանում սնդիկի հավելիչներով արտադրանքի շրջանառությունից փուլային դուրսբերմանն աջակցելու համար» ծրագրի շրջանակներում։
Ծրագիրը մեկնարկել է 2019թ․ հուլիսից և իրականացվում է ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի հետ համատեղ։

Աշխատաժողովի ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան ՇՄ նախարարի պաշտոնակատարի պարտականությունները կատարող տիկին Աննա Մազմանյանը և ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ պարոն Լևոն Ազիզյանը։
Տիկին Ա․Մազմանյանը շնորհակալություն հայտնեց ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրին՝ Ծրագրի ֆինանսավորման համար։
Հանդիպմանը մասնակցում էին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները և տարածքային բաժինների ներկայացուցիչներ բոլոր մարզերից։

Հայաստանի Հանրապետությունը Մինամատայի կոնվենցիան վավերացրել է 2017 թվականին։ Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիայի նպատակը մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանումն է սնդիկի և սնդիկի միացությունների անթրոպոգեն ազդեցությունից: Սնդիկը, հանդիսանալով վտանգավոր քիմիական նյութ, իր մթնոլորտային հեռահար շարժի, էկոհամակարգերում կենսակուտակման ունակության և մարդու առողջության ու շրջակա միջավայրի վրա լուրջ բացասական ազդեցության պատճառով այսօր հանդիսանում է համաշխարհային մտահոգության առարկա՝ այսպիսով կառավարություններին պարտադրելով համապատասխան միջոցներ ձեռնարկել այս ուղղությամբ։ Սնդիկը բարձր թունունակ է հատկապես նյարդային համակարգի համար:

Ծրագրի ազգային համակարգող, «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայի ազգային համակարգող Անահիտ Ալեքսանդրյանը ներկայացրեց քիմիական նյութերի և թափոնների ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրությունը, Հայաստանի Հանրապետության կողմից ոլորտը կարգավորող վավերացված միջազգային պայմանագրերն ու կոնվենցիաները, այդ թվում՝ Բազելի, Ռոտերդամի, Ստոկհոլմի և Մինամատայի կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունները։

«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց կողմից իրականացված ՀՀ վաճառասրահներում տարբեր տեսակի լամպերի առկայության վերաբերյալ հետազոտության արդյունքները, ՀՀ-ում առկա կենցաղային լամպերի տեսակները, աշխատանքի սկզբունքը, առավելություններն ու թերությունները, ինչպես նաև այն անհրաժեշտ գործողությունները, որոնք պետք է իրականացնել լյումինիսցենտային լամպերի կոտրվելու դեպքում։

«ՀՄԿ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Լ․Ազիզյանն իր ելույթում մասնավորապես նշեց. «Սնդիկի հետ կապված հիմնախնդիրները գտնվում են նաև մեր ուշադրության կենտրոնում՝ օրենսդրական բարեփոխումներից մինչև իրազեկման արշավների կազմակերպում և անցկացում։ Ասվածիս վառ օրինակ է հանդիսանում այն, որ քննարկման փուլում է գտնվում Սնդիկի մասին ՀՀ օրենքը, որի ընդունման արդյունքում կստեղծվի սնդիկի կարգավորման իրավական հենք, ինչը կնպաստի դրա ապօրինի շրջանառության կանխարգելմանը, սնդիկի էկոլոգիապես անվտանգ գործածությանը, մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանմանը՝ սնդիկի և սնդիկի միացությունների վնասակար ազդեցությունից»: Օրենսդրության բարելավումից բացի Լ․ Ազիզյանը կարևորեց նաև ազգաբնակչության շրջանում սնդիկի վնասակարության մասին իրազեկվածության բարձրացումը։

Աշխատաժողովի վերջում ՇՄ նախարարի պաշտոնակատարի պարտականությունները կատարող տիկին Աննա Մազմանյանի կողմից մասնակիցներին շնորհվեցին վկայականներ։