AM RU EN

ԼՈՒՐԵՐ

«Օզոնային շերտը քայքայող նյութերի և կայուն օրգանական աղտոտիչների հեռացման համակարգված կառավարման տարածաշրջանային ցուցադրական ծրագրի» եզրափակիչ սեմինար

19/05/2021

Մայիսի 17-ին կայացավ «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայի շրջանակներում շրջակա միջավայրի նախարարության և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության կողմից համատեղ իրականացվող՝ «Օզոնային շերտը քայքայող նյութերի և կայուն օրգանական աղտոտիչների հեռացման համակարգված կառավարման տարածաշրջանային ցուցադրական ծրագրի» եզրափակիչ սեմինարը։
Ծրագիրն իրականացվել է 4 երկրներում՝ Հայաստան, Ուկրաինա, Բելառուս, Ղազախստան։ Նշված ծրագրին Հայաստանը մասնակցել է միայն կայուն օրգանական աղտոտիչների՝ պոլիքլորացված բիֆենիլների մասով։
Հանդիպման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան ՇՄ նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Լևոն Ազիզյանը, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանը։
Հանդիպմանը մասնակցում էին ներկայացուցիչներ ինչպես տարբեր գերատեսչություններից, այնպես էլ մասնավոր (էներգետիկ) հատվածից («ՀԷՑ» ՓԲԸ, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ, «Երևան ՋԷԿ» ՓԲԸ, «Հրազդան ՋԷԿ» ԲԲԸ, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ, «ՄԷԿ» ՓԲԸ)։
Ծրագրի տեխնիկական թիմի ղեկավար Արտակ Խաչատրյանը ներկայացրեց Ծրագրի հիմնական նպատակներն ու արդյունքները, այն աշխատանքները, որոնք իրականացվել են ծրագրի ամբողջ ընթացքում՝ ՀՀ էներգետիկ ոլորտում ՊՔԲ-ներ պարունակող կամ դրանցով աղտոտված սարքավորումների, յուղերի և թափոնների նույնականացում, գույքագրում, նմուշառում, լաբորատոր հետազոտություն և այլն։
Որպես ծրագիրն իրականացրած կազմակերպության ղեկավար՝ «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Լևոն Ազիզյանը, իր խոսքում շնորհակալություն հայտնեց բոլոր այն գործընկերներին, որոնք աջակցել են այսչափ կարևոր ծրագրի հաջող ընթացքն ապահովելու համար, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությանը՝ ծրագրի իրականացմանն աջակցելու,  Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամին՝ ծրագրի ֆինանսավորման համար, ծրագրի ազգային ղեկավար և Ստոկհոլմի կոնվենցիայի ազգային համակարգող Անահիտ Ալեքսանդրյանին և բոլոր այն շահագրգիռ գերատեսչությունների և համապատասխան տեսչական մարմինների աշխատակիցներին, որոնք իրենց մասնագիտական գիտելիքներով աջակցել են ծրագրի նպատակներին և վերջնարդյունքին հասնելուն։